Հասարակություն

Պահնորդները պահանջում են վերանայել «Պահնորդական գործունեության մասին» օրենքը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Պահնորդական գործունեության մասին» հայաստանյան օրենքում առկա հակասությունները հազարավոր պահնորդների աշխատանքից զրկում են` երկրում սոցիալական նոր խնդիրներ ստեղծելով: Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանն այսօր օրենքում առկա հակասությունների մասին մի ամբողջ փաթեթով ներկայացել է լրագրողներին ու հայտարարել` մինչ իրենք սպասում էին դաշտը կարգավորող օրենսդրական ակտերի շուրջ իրենց հետ անցկացվելիք քննարկումներին, օրենքը նոր տեսքով ընդունվել է արդեն հունիսի 1-ին, ու բարձրաձայնված եւ ոչ մի հակասություն չի շտկվել:

Հայաստանում պահնորդությամբ զբաղված է շուրջ 10 հազար անձ: Թիկնապահական գործով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզավորման գործընթացում փոփոխությունները դաշտում խառնաշփոթ են առաջացրել: Օրենքներն ու կառավարության որոշումները մեկ միասնական ասելիք չունեն, դրանց տարբեր կետերը հակասում են միմյանց եւ կոռուպցիոն ու բյուրոկրատական ռիսկեր ստեղծում. հայտարարում է Հովհաննես Պետրոսյանը, ով ղեկավարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միությունը: Պահնորդների որակավորման ստուգում-լիցենզավորում շղթան, նրա փոխանցմամբ, տրված է ոստիկանության իրավասությանը, սակայն բոլոր այդ փուլերն իրականացնելու համար ոստիկանությունում հստակ մեխանիզմներ ստեղծված չեն: Ուստի առաջանում են անհասկանալի քաշքշուկ ու խնդիրներ:

«Ոստիկանությունում լիցենզավորող մարմին ձեւավորված չէ, բոլոր գործառույթները տրված են մեկ միավորի` իրավաբանական վարչությանը` եւ որակավորման ստուգում, եւ պահնորդների հավաքագրում, եւ լիցենզավորում: Ստացվում է` իրավաբանական վարչությունը բան ու գործ չունի, միայն մեր հարցերով պետք է զբաղվի»:

2013-ին կառավարությունը որոշեց, որ պահնորդները պարտադիր պետք է որակավորում ձեռք բերեն լիցենզավորված ուսումնական հաստատություններում: Դրանից հետո նման հաստատություններում որակավորում ստացել է շուրջ 4000 պահնորդ: Իսկ արդեն հաջորդ փուլում ոստիկանության կողմից որակավորման ստուգում անցել է նրանցից ընդամենը 430-ը, մնացածը դեռ ամիսներով ու տարիներով սպասում են որակավորման ստուգման ու լիցենզավորման իրենց հերթին, իսկ լիցենզավորումն աշխատանք գտնելու պարտադիր պահանջ է:

«Ստացվեց, որ ոստիկանությունը վերցրեց իր վրա, թե «ես հատուկ պետք է որակավորման ստուգում անցկացնեմ»: Եթե հատուկ որակավորման ստուգում եք անցկացնում հատուկ լիցենզավորված ուսումնական հաստատությունների կողմից ուսուցանված անձանց հանդեպ, գնացեք հենց ավարտական քննությունների ժամանակ դա կատարեք, որ այդքան չերկարի այդ ամենը»:

Հակասությունների շղթան շարունակվում է: Օրենքը պարտադրում է, որ պահնորդներն ունենան կյանքի ու առողջության ապահովագրություն: Հովհաննես Պետրոսյանը հարց է բարձրացնում` ինչ կյանքի ապահովագրության մասին է խոսքը, երբ Հայաստանում կյանքի ապահովագրություն չի կատարվում:

«Եթե այդիսի ապահովագրություն չկա, օրենքում համապատասխան փոփոխություն կատարեք, հարգելիներս: Ինչու եք անկատար, անօրեն որոշումներ ընդունում, որը ձեռնտու է ձեզ, ու կարող եք ցանկացած պահի ցանկացած կազմակերպություն լուծարել»:

Պահնորդությամբ զբաղվող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանն այսօր վրդովված փոխանցեց, որ վերջին 2 տարիներին իրենք մշտապես պահանջել են վերանայել օրենքն ու կառավարության որոշումները: Իրենք էլ իրենց հերթին շարունակ աշխատել են որոշումների այս կամ այն կետի վրա, ներկայացրել իրենց տարբերակները: Վարչապետից մինչեւ ոստիկանապետ տեղեկացել են խնդիրների մասին, խոստացել ականջալուր լինել: Փոխոստիկանապետն էլ խոստացել է մինչեւ աշուն հետաձգել դաշտը կարգավորող նորմերին նոր տեսք հաղորդելը, մինչեւ բոլոր պահանջները քննարկվեն: Այնինչ արդեն հունիսի 1-ին փոփոխություններն ընդունվել են առանց լիցենզավորման գործընթացում որեւէ թերության շտկման: Հիմա էլ հայտարարվում է, թե թիկնապահությամբ զբաղվող 22 կազմակերպություններից պետք է մնան 5-6-ը: Ինչպես են դրանք ընտրվելու եւ ում կողմից. տարակուսում են ոլորտի ներկայացուցիչներն ու պահանջում`

«Նախ` կասեցնել լիցենզավորման գործընթացում այդ փոփոխությունները, եւ երկրորդ` ստեղծել հանձնաժողով դաշտ բոլոր ներկայացուցիչների ընդգրկմամբ ու կրկին քննարկել բարձրացված բոլոր հարցերը»:

Back to top button