Հասարակություն

Մսամթերքի կոմբինատը տուգանվել է հումքի մասին կեղծ տվյալներ հաղորդելու համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությանը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերությունը հետևյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից և բնական բաղադրիչներից: «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»: Սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա հանձնաժողովը դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների և իրացման գների վերաբերյալ, ինչպես նաև հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության: 

Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն: Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ՝ ՏՄՊՊՀ-ն այսօրվա նիստում որոշել է հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը և հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները: 

Back to top button