

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Թուրքական «Թարաֆ» թերթում օրերս հայտնվել էր մի հոդված, որտեղ նշվում էր, թե նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն ու անգամ բացել հայ-թուրքական սահմանը: Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց լուրը: Ինչ էր սա՝ Թուրքիայի հերթական իմիտացիոն քայլը, թե հայ-թուրքական հարաբերությունների սահմանագծում ինչ որ փոփոխություններ, այնուամենայնիվ, հնարավոր են: Մեդիա-կենտրոնում հարցերի շուրջ այսօր իրենց տեսակետներն են հայնտել ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Տեսակապով ասուլիսին միացել է նաև թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը:
«Ուղերձ հասցեագրված միջազգային հանրությանը, թե Թուրքիան ցանկություն ունի բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են». հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ «Թարաֆ» թերթում հայտնված, իսկ հետո էլ երկրի արտգործանախարարության կողմից հերքված լուրն այսպես է մեկնաբանում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա համոզմամբ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից նման իմիտացիոն գործողությունների պակաս չի լինի, որովհետրև Թուրքիայի վրա, իսկապես, կա ճնշում և նա պետք է ստեղծի գործընթացի պատրանք:
Թուրքիայի քայլը իմիտացիոն ժանրում է դիտարկում նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը. «Իրականում նման հարաբերություններ չեն ստեղծվի ոչ Հայաստանի, ոչ էլ հայության հետ այն պարզ պատճառով, որ Թուրքիան անընդհատ ասում է ՝ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի»:
Ըստ Արա Պապյանի՝ սահմանի առնչությամբ Թուրքիան ինչ էլ անի, դա կտևի առնվազն 2015 թվականի մայիս — հունիս ամիսները, իսկ հետո նա պատճառներ կգտնի ամեն ինչ վերադարձնելու նույն կետին: Հանդիպմանը տեսակապով միացած թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը նշում է, որ սահմանի բացման վերբերյալ «Թարաֆ»-ում հայտնված ու արտգործնախարարության կողմից հերքված լուրն իրականում այնքան էլ սուտ չէ, որովհետև ճանապարհի տաբեր հատվածներում շինարարարկան աշխատանքներ են կատարվում:
«Արդյոք ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք զբաղվելու ենք հիմնականում Թուրքիայի կողմից իր ներքին լսարանին ու միջազգային հանրությանն ուղղված իմիտացիոն քայլերի մեկնաբանություններով, թե այնուամենայնիվ, ավելի շատ ժամանակ ու ջանքեր ենք գործադրելու հայ-թուրքական բուն խնդիրը միջազգային իրավական հարթություն տեղափոխելու ուղղությամբ». «Ռադիոլուր»-ի հարցին Արա Պապյանի պատասխանը. «Ցավոք Թուրքիային հաջողվեց հայ-թուրքական խնդիրը ներկայացնել որպես սահմանի բացման կամ չբացման խնդիր, բայց Հայաստանը պետք է փորձի Հայոց ցեղասպանության խնդիրը տեղափոխել իրավական հարթություն: Իսկ մինչ այդ Հայաստանը պետք է ունենա ամբողջական փաթեթ՝ ի վերջո մենք ինչ ենք ակնկալում և պահանջում Թուրքիայից»:
ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր կրկնեց բազմիցս հնչեցրած տեսակետը.«Հայաստանը պետք ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, որովհետև հենց դրանք հնարավորություն են տալիս Թուրքիային Ղարաբաղի հարցում ինչ որ դերակատարում ստանձնել ու ցույց տալ միջազգային հանրությանը, թե երկու երկրների միջև գործընթացներ են տեղի ունենում: