Բազմաբնակարան շենքերի 80 տոկոսը չի համապատասխանում գործող սեյսմիկ նորմերին.մասնագետ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքում առկա բազմաբնակարան շենքերի 80 տոկոսը չի համապատասխանում գործող սեյսմիկ նորմերին: Ըստ «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի դրանց մեծ մասը կառուցվել է մինչև 1988 թվականի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը, երբ գործում էին սեյսմակայունության ավելի նվազ չափանիշներ:
Սպիտակի աննախադեպ ուժեղ երկրաշարժի հետևանքները դեռ լիովին վերացված չեն: Աղետը ստիպեց վերանայել խորհրդային տարիներին գործող սեյսմակայուն շինարարության նորմերը: Արդյունքում 2 նիշով բարձրացվեց սեյսմիկ ռիսկայնության նորմերը, որոնց առկա բազմաբնակարան շենքերի մի զգալի մասը չի համապատասխանում, շեշտեց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը:
Սեյմակայունության բարձրացումը ՝ պետության անվտանգության ապահովման խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ են զգալի դրամական միջոցներ՝ շենքերի ուժեղացման նպատակով: Ի տարբերություն հին բնակֆոնդի, վերջին 25 տարվա ընթացքում կառուցված շենքերը համապատասխանում են արդի նորմերին և անհանգստություն չեն պատճառում այդ առումով: Սակայն որոշ չափով մտահոգիչ է կառուցապատման խտությունը, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում:
«Հայնախագիծ» ընկերությունը մշակել է ճկուն վերին հարկ մեթոդիկան, որը, ըստ պարոն Ազիզյանի, 6-16 հարկանի շենքերում շատ արդյունավետ է՝ սեյսմակայունության բարձրացման տեսանկյունից, սակայն անուշադրության է մատնվել պատկան մարմինների կողմից:
Սեյսմիկ վտանգի չեզոքացմանն է ուղղված նաև շենքի նկուղում սեյմամեկուսիչների տեղադրման մեթոդիկան, որը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ավելի դժվար իրագործելի է: Ամեն դեպքում սեյսմակայունության ապահովման համար անհրաժեշտ կլինի 10-15 տարի՝ անհրաժեշտ միջոցների և ծրագրի առկայության պարագայում, նշեց մասնագետը: