Հասարակություն

ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները ծանր դրության մեջ են դրել աշխատանքային միգրանտներին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Տարիներ ի վեր Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները հայտնվել են անելանելի վիճակում: Այս կամ այն վարչական խախտումների դեպքում ԱՊՀ երկրներից միգրանտների մուտքը Ռուսաստան 3-5 տարով արգելափակելու որոշման ծանրությունը հայ միգրանտներն արդեն զգում են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Արդյո՞ք Մաքսային միության անդամ դառնալը կարող է փոխել իրավիճակը, եւ իրատեսակա՞ն է արդյոք Ռուսաստանի Դաշնության կողմից հայ միգրանտների հանդեպ ավելի բարեհաճ վերաբերմունքի սպասել: 

Ներկայում Հայաստանի 200-220 հազար քաղաքացու մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է։ Նրանցից մոտավորապես 50 հազարն արդեն Հայաստանում է, մնացածը դեռ շարունակում են իրենց անօրինական կեցությունը: Ռուսաստանից դուրս գալու կամ ՌԴ միգրացիոն ծառայության տեսադաշտում հայտնվելու դեպքում նրանց եւս ցույց են տալու այդ երկրից ելքի ուղին:

ՌԴ-ում միգրացիայի մասին օրենքի փոփոխություններից, ավելի կոնկրետ` խստացումներից տուժողը հիմնականում աշխատանքային միգրանտներն են: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեց իրեն հայտնի այս տվյալները` նկատելով, որ նման իրավիճակում հայտնվել են մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ անգամ չեն եղել Ռուսաստանում:

ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց մուտքը Ռուսաստան արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Բայց խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է։ Առանձին անհատների օգնելով՝ արմատական փոփոխության չես հասնի, ասում է Եգանյանն ու միաժամանակ նկատում` Հայաստանի իշխանություններն էլ, թերեւս, ոչինչ անել չեն կարող: Օրենքն օրենք է: «Խնդրի լուծման արմատական հնարավորություն չեմ տեսնում: Օրենքն արդեն կա, Հայաստանի համար առանձին մոտեցումներ ես հնարավոր չեմ համարում, քանի որ սա վերաբերում է նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներին»։

Արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցելը խնդրի լուծման ինչ-ինչ տարբերակներ հնարավոր չի դարձնի: «Սա արդեն ուրիշ օպերայից »,- ասում է Եգանյանը: Նախ` դեռ որեւէ բան հստակ չէ, թե Հայաստանը երբ կանդամակցի այդ միությանը, եւ անդամակցելու դեպքում խաղի ինչ նոր կանոններ կընդունվեն: Տեսականորեն կապիտալի, ապրանքների ու աշխատուժի ազատ տեղաշարժն ընդունելի է լինելու, միգուցե ազատական որոշ մոտեցումներ էլ լինեն, բայց միաժամանակ անտրամաբանական է մտածել, թե օրենքից շեղվելու են հանուն հայերի։ «Այս մարդիկ անօրինական միգրանտներ են, խախտել են ՌԴ օրենքները։ Եթե մտանք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Ես չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվիե»։

Խնդիրը մեկ այլ բարդ կողմ էլ ունի: Հայ քաղաքացին միշտ չէ, որ կարող է իմանալ` արդյո՞ք արգելափակված է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն, թե՞ ոչ: Քաղաքացու մուտքն ու ելքը կարող են արգելափակել ոչ միայն ՌԴ միգրացիոն ծառայությունը, այլեւ 10 այլ ծառայություններ, երկու եւ ավելի վարչական խախտման դեպքում: Ռուբեն Եգանյանը մասնավորեցնում է` Հայաստանի քաղաքացին կարող է երկրից վտարման ենթակա անձ ճանաչվել ընդհուպ մինչեւ կարմիր լույսի տակով անցնելու համար: Եւ եթե Միգրացիոն ծառայությունը հնարավորություն տալիս է իր կայքում տեսնել օրինախախտ քաղաքացիների անունները, ապա մյուս ծառայությունների կողմից արգելափակումների մասին կանխավ տեղեկանալ հնարավոր չէ։ «Եղել են դեպքեր, երբ մարդն իր անունը Միգրացիոն ծառայության կայքում չի գտել, գնացել հասել է ու պարզել, որ իր մուտքն արգելափակված է այլ ծառայության կողմից»։

Դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի ուղին փակվելն ամենեւին էլ չի նշանակում, թե Հայաստանից միգրացիան նվազելու է: Մարդիկ կամ այդ երկիր ընկնելու այլ անօրինական ուղիներ են փնտրելու, կամ էլ իրենց հետագան այլ երկրների հետ են կապելու, ուր պակաս մրցունակ են լինելու։ Ռուբեն Եգանյանը կարծում է, որ Հայաստանի աշխատանքային շուկան հնարավորություն չունի նման ահռելի զանգվածի աշխատանքով ապահովել, ու հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ դժվարին կազության մեջ: Դժվար թե ՌԴ օրենքում մեղմացումներ լինեն, այնտեղ դեռ հստակեցումների կարիք կա, ասում է բանախոսը։

 

Back to top button