ԿարևորՔաղաքական

ՌԴ կցանկանար Հայաստանին տեսնել ԵՏՄ հիմնադիրների կազմում. ԵվրԱզԷՍ-ի գլխավոր տնօրենն է հայտարարել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Հետխորհրդային տարածքում այսօր բառի բուն իմաստով ծավալվում է պատերազմ երեք երկրների միջեւ` ԱՄՆ, Ուկրաինա, Ռուսաստան»,- այսօր հայտարարել է այս օրերին Հայաստանում գտնվող ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Նա հիմնականում խոսել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մասին` միաժամանակ անդրադառնալով Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներին: Ծավալուն վերլուծության ընթացքում նկարագրեց Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանի համար սպասվող բացասական հետեւանքներին եւ եզրակացրեց, որ Հայաստանի մասին անկեղծորեն մտածում է միայն Ռուսաստանը: Ռուս վերլուծաբանը վերջում հայ լրագրողներին հարց տվեց. «Իսկ ով կպաշտպանի Հայաստանին անհրաժեշտության դեպքում»:

Պարզվում է, Ռուսաստանը իրականում ցանկանում է Եվրասիական Տնտեսական Միության կազմում տեսնել Հայաստանին: Անդամակցելու ժամկետների ձգձգման առումով Երեւանում առաջացած տեսակետերը` թե Բելառուսն ու Ղազախստանը այդ անդամակցությունից տնտեսական շահ չեն տեսնում կամ թե Ռուսաստանը դեռ փորձում է իր հարաբերությունները հստակեցնել ու կարգավորել Ադրբեջանի հետ, ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը անհիմն է համարում: Իրավիճակը նա փորձում է ներկայացնել այնպես, որ Ռուսաստանը փորձում է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ Հայաստանն անդամակցի նոր կառույցին ավելի հարմարավետ պայմաններով:

Հենց այս լոբբիստական աշխատանքով էլ հիմնավորում է կանխատեսումը, որ  առաջիկայում տեղի կունենա Պուտին-Սարգսյան հանդիպում կամ գոնե հեռախոսազրույց: Վլադիմիր Լեպյոխինը համոզված է` Ռուսաստանը կցանկանար Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության հիմնադիրների կազմում: Բայց ինչ-ինչ պատճառներով կառույցն ավելի շուտ ստեղծվեց, իսկ Հայաստանի ղեկավարության ընդունած դիրքը` որոշ հարցերի շուրջ հստակություն մտցնելու առումով, «ճիշտ կեցվածք» է համարում:

«Չափազանց ճիշտ դիրքորոշում է Հայաստանի ղեկավարության մոտ: Մի շարք հարցերը բավականին կոշտ դրվեցին, մասնավորապես` մաքսատուրքերի հարցը եւ, ամենակարեւորը, ԼՂ-ի սահմանների ու սահմանակետերի հետ կապված հարցը:Ցավոք, որ բոլոր անդամ-պետությունների ղեկավարները այդ դիրքորոշումն ընդունեցին, բայց ոչ մի ողբերգություն տեղի չունեցավ: Դա նորմալ գործընթաց է` սակարկման եւ ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հիմա ժամանակ կա եւս շարունակել այդ սակարկումները եւ առաջ տանել սեփական դիրքորոշումը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացում թեեւ այժմ նշվում են նոր ժամկետներ` մինչեւ տարեվերջ, բայց Վլադիմիր Լեպյոխինի ներկայացմամբ` նաեւ ոչինչ բացառել պետք չէ: Հնարավոր է անհրաժեշտ փոխհամաձայնությունն այդպես էլ ձեռք չբերվի, բայց ակնարկում է` դա Ռուսաստանի պատճառով չի լինելու: ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրենը այսօր ներկայացրեց ծավալուն վերլուծություն, թե գերտերությունների պատերազմական պայմաններում ինչ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը: Բոլոր հնարավոր քաղաքական ուղղությունների այսպես ասած «բացասական հատեւանքները» ներկայացնելով ՝ Լեպյոխինը համոզված նշեց. «Հայաստանի միակ ճիշտ ճանապարհը միայն Ռուսաստանի հետ է, որը Հայաստանի միակ իրական գործընկեր երկիրն է»: Ակնարկեց` այս իրավիճակում չեզոքությունն անհնար է: Խոսքի մեջ նշեց նաեւ, որ տարածաշրջանում վերահսկողություն հաստատելու նպատակով արեւմուտքն արդեն շրջանառության մեջ է դնում Քուրդիստանի ստեղծման եւ օգտագործման գաղափարը: Հայաստանի ռազմատենչ հարեւանին զենք վաճառող երկրի ներկայացուցիչը նաեւ չմոռացավ հայ լրագրողներին հարց ուղղել. «Ով է պաշտպանելու Հայաստանին»:

Ի դեպ` Վլադիմիր Լեպյոխինի ասուլիսը ուղեկցվեց նաեւ բոյկոտով: Այս անգամ էլ ոտնահարվեց «Լեզվի մասին օրենքը»: Ասուլիսը կազմակերպվել էր առանց թարգմանության, հյուրի անուն ազգանունն ու պաշտոնը նույնպես ցուցանակին գրված էր բացառապես ռուսերենով: Մի շարք լրագրողների դժգոհությունը այդպես էլ մնաց անպատասխան եւ լրագրողներից ոմանք` ի նշան բողոքի, գերադասեցին լքել սրահը:

Back to top button