Հասարակություն

ԿԳՆ աջակցելու է դրական գնահատական ստացած բոլոր դիմորդներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր երեկոյան գումարվելու է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ներկայացվելու են ընդունելության քննությունների նախնական տվյալներն ու որոշվելու է ինչպես տնօրինել պահուստային ու դիմորդներին հատկացվելիք լրացուցիչ տեղերը, միասնական քննությունների ավարտին այսօր հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հայոց պատմության և քիմիա առարկաների քննություններով էլ այսօր ավարտվել է միասնական քննությունների նաև լրացուցիչ փուլը:

Ավարտվեց միասնական քննությունների նաև 2-րդ` լրացուցիչ փուլը: Քիմիա և հայոց պատմություն առարկաներից վերջին քննությունը հանձնող դիմորդներին քաջալերելու նպատակով քննակենտրոն էր եկել նաև ԿԳ նախարարը: Դիմորդների հետ զրուցելուց հետո նախարար Արմեն Աշոտյանը հաջողություն մաղթեց նրանց:

Քիմիա առարկայի լրացուցիչ քննությանը մասնակցելու համար ԳԹԿ էր դիմել 150 դիմորդ, որից 16-ը բացակայում էին և Հայոց պատմության քննության համար դիմել էին 65 հոգի, որից 7-ն էին այսօր բացակայում: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց քննական կենտրոնի ղեկավար Արա Սեդրակյանը բացակաների տոկոսային թիվը լրացուցիչ և հիմնական փուլերում գրեթե կրկնվում է: Արա Սեդրակյանը նաև հայտնեց, որ հաշվի առնելով լրացուցիչ փուլի դիմորդների ոչ հայկական կրթությունը, թեստերի մի մասը թարգմանվել են ռուսերեն:

Հիշեցնենք, որ լրացուցիչ փուլին մասնակցում են պարտադիր զինվորական ծառայության այս կամ նախորդ տարիներին զորացրվածները,  Սփյուռքի, ԱՊՀ-ի, Ջավախքի շրջանավարտները, ինչպես նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության  շրջանավարտները: Ամփոփելով այս տարվա քննությունները` ԿԳ նախարարը հայտնեց, որ ամենապահանջված և ամենամրցութային մասնագիտությունները շարունակում են մնալ միջազգային հարաբորություններն ու իրավագիտությունը: Մրցութային տեղերով չի զիջում նաև Երևանի պետական բժշկական համալսարանը:

Ընդհանուր առմամբ Արմեն Աշոտյանն այս տարվա քննություններից գոհ է: Ըստ նրա դրա վառ ապացույցն այն է, որ հասարակությունն այլևս չի ապրում ընդունելության քննություններով և շատ ավելի հանգիստ է վերաբերվում դրանց: Հիշեցնենք, որ առջևում նաև ներբուհական քննությունների 2-րդ փուլն է, որից հետո արդեն պարզ կդառնան պետպատվերի և վճարովի տեղերի անցողիկ միավորները:

 

Back to top button