Հասարակություն

«Լռության դիվանագիտություն». հայկական դիվանագիտությունը՝ ըստ հասարակական գործիչների

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ընդդեմ կամայականության» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն աղավաղվել է ի սկզբանե՝ դեռ 90-ականների սկզբից: Ավելի քան 20 տարիների ընթացքում մեր երկիրն այդպես էլ չունեցավ արտաքին քաղաքականության դոկտրին։ Մեկ Արևմուտքի, մեկ էլ Ռուսաստանի ազդեցության տակ ենք: Ըստ Ալավերդյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իսպառ բացակայության առնչությամբ մտահոգություն են հայտնում անգամ հայամետ օտար գիտնականներն ու փորձագետները։

Ինչպես Լարիսա Ալավերդյանը, այնպես էլ բնապահպան Կարինե Դանիելյանը նշում են, որ նորանկախ Հայաստանի դիվանագիտությունն առանձնանում է ավելորդ զգուշավորությամբ։ «Լռության դիվանագիտություն». ոլորտի ընդհանուր բնորոշումը՝ ըստ բանախոսների։ «Մեզ միշտ թվում է, թե մեր մասին բոլորը ամեն ինչ գիտեն։ Ոչ ոք ոչինչ չգիտի, եթե մենք չենք ասում։ Դրա համար էլ Ալիևը կարող է վեր կենալ ու ասել, որ Երևանն Ադրբեջանի տարածքն է ու նրան կարող են հավատալ»։

Ըստ Կարինե Դանիելյանի՝ այն մոտեցումը, թե մեզ գնահատում են, որովհետև մեզ լավ ենք պահում միջազգային հարթակներում, ակնհայտ մոլորություն է: Բնապահպանն այսօր անդրադարձավ կոնկրետ խնդրի։ Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու խնդրին: Այս առնչությամբ հայ հասարակական սեկտորն իր մտահոգությունն էր հայտնել կառույցի ղեկավարությանը: Պայքարի արդյունքում կայացվել է որոշում, որ Հայաստանը կաշխատի անմիջապես Նյու Յորքի գրասենյակի հետ, բայց, ըստ բնապահպանի, խնդիրը դրանով, իհարկե, չի լուծվել։ «Այս իրավիճակը, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող կադրային ներկա գործընթացները, մեր վարած լռության քաղաքակության կամ արտաքին քաղաքականության բացակայության արդյունքն են»,- ասում է Լարիսա Ալավերդյանը, ում խոսքով բանը հասել է նրան, որ մեզ համար արդեն կարևոր չէ՝ թե ով կլինի Հայաստանի դեսպանն ու ով կներկայացնի մեր երկրի շահերը արտաքին աշխարհում։

 

Back to top button