Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված քննարկում Արմավիրում


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներ էին այսօր կազմակերպվել Արմավիրի մարզում, որին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, դատական, առողջապահական, կրթական մարմինների ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է լինել մարդակենտրոն և գերիշխելու է մարդու իրավունքների պաշտպանությունը: «Ազնիվ խոսքով պետություն չես դառնա։ Ես երազում եմ, որ իմ երեխաներն ապրեն իրավական պետությունում»,- ասել է ՍԴ նախագահը:
1995թ երկրի գլխավոր օրենքի ընդունումից հետո 1990ականների վերջերին սկսվեց բարեփոխումների գործընթացը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ բարեփոխումների հանձնաժողովի առաջարկությունները հավանության էին արժանացել վենետիկյան հանձնաժողովում, սակայն դրանց իրականացումը ձախողվեց։
Առաջարկվող նոր բարեփոխումներում պաշտպանվելու են անհատի իրավունքները, նշում է ՍԴ նախագահը՝ ընդգծելով, որ նոր սահմանադրությունը մարդակենտրոն է, այնտեղ գերիշխելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։
Գագիկ Հարությունյանը խոսեց նաև ընտրական համակարգից, որտեղ դարձյալ ոտնահարված են ընտրողների իրավունքները, քանի որ նախընտրական խոստումներով կորզում են ընտրողի քվեն և մոռանում պարտականությունների մասին։
Արմավիրի մարզից ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանը սահմանադրական բարեփոխումներին զուգընթաց նոր առաջարկով է հանդես եկել նախագահի երդմնակալության համար նախատեսված լանջաշղթայով, որը խորհրդանշում է 10 մարզը և փոքրիկ գավազան: Առաջարկությունը ընդունվել է ՍԴ նախագահի կողմից և ընդգրկվելու է բարեփոխումների ծրագրում։