Ռումինայում փորձում են վերականգնել հայագիտության հարուստ ավանդույթները՝ դառնալով հայագիտության եվրոպական կենտրոններից մեկը


Ռումինիայի հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայ համալսարան է այցելել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող և ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվել է Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը և դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը:
Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն է հայտնել այդ, ինչպես նաև կրթական և գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի՝ ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի և ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլև հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և բալկանյան երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն:
Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը և Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր են փոխանակել նաև Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի հետ:
Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ նույն օրը Բաբեշ-Բոյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ» խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի և Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ և լրագրողներ: