Տնտեսական

Պետք է արգելել Թուրքիայից պտուղ-բանջարեղենի ներկրումը. ֆերմեր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Առաջարկները մերժվել են, հայեցակարգն էլ դեկլարատիվ է: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներն այսպես են բնութագրում շուրջ յոթ ամիս առաջ կառավարության կողմից հաստատված հաստատեց «ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման» հայեցակարգը: Նրանք կրկին ահազանգում են՝ իրենց արտադրանքը տեղական շուկայում մրցունակ չէ, քանի որ մշակած բերքի ինքնարժեքը բարձր է ստացվում:Մինչդեռ հայկական շուկայում գերիշխում են թուրքական ու անհայտ ծագմամբ պտուղ բանջարեղեն:

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման» հայեցակարգը: Նախագծով , մինչև հազար քառակուսի մետր տարածքում ջերմոցային տնտեսություն կառուցելու համար առաջարկվում էր պարզեցված կանոնակարգ: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին մատչելի պայմաններով վարկեր էին խոստանում: «Հույս ունենք, որ որոշումը կխթանի փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների կառուցմանը»,- նշել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անցել է յոթ ամիս, փորձեցինք պարզել, ինչ որ բան փոխվել է արդյո՞ք ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների կյանքում, թե ոչ: Ջերմոցային աոցիացիա Հ/Կ նախագահ Պողոս Գևորգյանը հաստատված փաստաթուղթը «դեկլարատիվ» է անվանում, նշում, որ իրենց առաջարկները կառավարությունը մերժել է:

«Օրինակ, ասոցիացիան առաջարկել էր ջերմոցային տնտեսություններից սպառած գազի գումարը գանձել բերք ունենալուց հետո միայն, այդ առաջարկը, սակայն, մերժվել էր: «Հայաստանի Ջերմոցային տնտեսությունները մրցունակ չեն, խնդրել էինք, որ նոր տեխնոլոգիաների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկերը հանեն, չհանեցին»,- չհաստատված առաջարկներն է թվարկում Գևորգյանը: Ասոցիացիայի կազմում շուրջ 950-1000 ջերմատնային տնտեսություն կա, որոնց մեծ մասը ՓՄՁ են, «Կարող ենք արձանագրել., որ բոլորն էլ վնասով են աշխատում, շահույթ չունեն միանշանակ»,- վստահեցնում է աոցիացիա Հ/Կ նախագահ Պողոս Գևորգյանը:

Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու անարդյունավետությունից դժգոհ է նաև անհատ ձեռներեց, ջերմոցային տնտեսության ֆերմեր Գագիկ Բաբախանյանը:
Վերջինիս խոսքով, ՀՀ-ում գյուղատնտեսությունում ինքնարժեքը բարձր է, ձեռքի աշխատանքը շատ, առաջավոր երկրների հետ էլ համեմատելու եզրեր անգամ չկան:
Բաբախանյանն իր ջերմոցում օրգանապես մաքուր լոլիկ է աճեցնում, լոլիկի ծաղիկների փոշոտումը կատարվում է Հոլանդիայից ներկրված մեղուների միջոցով: Ֆերմերի խոսքով, եթե անգամ փորձեն ջերմատանը քիմիա օգտագործել, մեղուները կսատկեն: Հայաստանում, թեկուզև ջերմոցային պայմաններում աճեցրած օրգանապես մաքուր լոլիկը հայկական շուկայում մրցունակ չէ Թուրքիայից ներկրված, անորոշ ծագմամբ, անհայտ պայմաններով հայ սպառողին հասած լոլիկի նկատմամբ:

«Անհավասար պայմաններում ենք հայտնվել» հերթական անգամ ահազանգում է տեղական արտադրողը, դժգոհում հատկապես գազի բարձր գնից, որն առանց այն էլ արտադրանքի բարձր ինքնարժեքն ավելի է բարձրացնում: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող . ֆերմեր Գագիկ Բաբախանյանը պատկան մարմիններին առաջարկում է կտրականապես արգելել Թուրքիայից պտուղ բանջարեղենի ներկրումը:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն, այժմ, ՀՀ տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:

 

 

Back to top button