Վերլուծական

Հայ- թուրքական սահմանը բացվելու դեպքում էլ՝ անակնկալ կարող է փակվել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ բավականին անանկնկալ հոդվածով օրերս հանդես եկավ Ստամբուլում հրապարակվող «Թարաֆ» թերթը: Թուրքական պարբերականը հայտնել էր, թե նախագահի պաշտոնին հավակնող վարչապետ Էրդողանը հանձնարարական է տվել՝ սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ: Թեպետ թուրքական իշխանությունները հերքեցին լուրը, այնուամենայնիվ փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ թերթի հրապարակումը անհիմն չէ։

Արդեն 7 տարի Ստամբուլում մոտ 80 հազար տպաքանակով լույս տեսնող «Թարաֆ» թերթի տեղեկատվական այդ արտահոսքի իսկությունը թեև հերքվեց պաշտոնական աղբյուրների կողմից, այնուամենայնիվ, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում: Թուրքագետ Արտակ Շաքարյանը խոստովանեց, որ «Թարաֆին» տեսականորեն վստահելու հիմքեր ունի։ Միևնույն ժամանակ՝ սեպտեմբերին սահմանի բացումը կասկածելի է փորձագետի համար: Այս հրապարակումը նա կապում է հաջորդ տարի նշվելիք Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ։

Ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլում հայտնվում են հրապարակումներ սահմանամերձ տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգման, տարածքների ականազերծման մասին, սակայն դրանից հետո չի հետևում սահմանի բացումը: Շաքարյանը ընդգծեց, որ սահմանը փակ է թուրքական կողմից։ Եթե նույնիսկ սահմանը բացվի, ապա որոշ ժամանակ անց այն նույնպես անակնկալ կերպով կարող է փակվել՝ ամենաչնչին իսկ առիթի դեպքում։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու Թուրքիայի նախագահին  հասցեագրած հրավերին՝ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այն կմերժվի թուրքական կողմից: Դրա համար ամենահարմար առիթը  Գալիպոլիի թերակղզում 1915 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցած ճակատամարտում թուրքերի հաղթանակի 100-ամյակն է։

Բուն հրավերը ևս ունի թերի կողմեր, նշեց թուրքագետը: Ըստ նրա՝ օգոստոսի 10-ին ընտրվելիք Թուրքիայի ապագա նախագահը, ամենայն հավանականությամբ՝ գործող վարչապետ Էրդողանը, եթե ընդունի հրավերն ու այցելի Երևան, ապա կարող է հանդես գալ հայկական կողմի համար ոչ ընդունելի հայտարարություններով։ Արդեն նախագահի կարգավիճակում Էրդողանը կձգտի ուժեղացնել սեփական դիրքերը երկրի կառավարման գործում, սակայն որևէ մեծ զիջումներ չարժե ակնկալել այդ հավակնոտ քաղաքական գործչից։

Back to top button