ԿարևորՔաղաքական

Հայաստանը հայտնվել է վտանգավոր եռանկյունու մեջ.վերլուծաբան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայտնվել ենք գերտերությունների շահերի բախման կենտրոնում: Հենց այդ «շահերի բախումն» էլ ազդում է թե Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցերի վրա: Այս առումով որոշ վերլուծություններ է ներկայացրել Միջազգային անվտանգության հարցերի հայկական նորաստեղծ ինստիտուտի հիմնադիր, վերկուծաբան Ստեփան Սաֆարյանը, քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ բացահայտել է սահմանային միջադեպերի ակտիվացման իրական նպատակը:

Հայաստանը հայտնվել է մի եռանկյունու մեջ, որը վտանգավոր է համարում  Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

«Հայաստանը հայտնվել է ակտիվացած Մոսկվա-Բաքու-Անկարա այս եռանկյունու ներսում: Ակնհայտ է, որ վերջին տարիներին եւ առավել եւս վերջին շրջանում այս եռանկյունին գործում է բավականին սինխրոն, եթե ոչ փոխպայմանավորված, ապա ընդգծված հակաարեւմտյան դիրքերից: Ասել, թե օրինակ` Անկարան եւ Մոսկվան կգան համաձայնության Հարավային Կովկասում ազդեցության կիսելու առումով ճիշտ չի լինի` նրանք ստրատեգիական առումով մնում են մրցակից, բայց մարտավարական առումով նրանց համաձայնությունները կարող են շոշափել եւ անդրադառնալ Հայաստանի շահերի վրա»:

Այդպես, օրինակ` այդ շահերն արդեն ազդեցություն ունեցել են Հայաստանի վրա` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամկետները մի քանի անգամ հետաձգելով: Ըստ վերլուծաբանի` պաշտոնական Երեւանին առաջադրվել են անընդունելի մի շարք կետեր, բացի այդ Երեւանից հնչող մեկնաբանություններն արդեն վկայում են` Հայաստանում կա հիասթափություն եւ Մաքսային Միությանն անդամակցելու համար արված քայլերից ավելին այլեւս անել հայկական կողմը չի պատրաստվում:

Այս ամենից ելնելով Աստեփան Սաֆարյանը եզրակացնում է. հունվարի 1-ից անգամ Հայաստանը չի անդամակցի ոչ Մաքսային Միությանը, ոչ էլ Եվրասիական տնտեսական Միությանը: «Առավել եւս, երբ հենց Ռուսաստանի համար էլ այդ նորաստեղծ «պրոյեկտը« արդեն շեղված է իր սկզբնական նպատակից»,- ասում է վերլուծաբանը: Շահերի բախում այս պահին կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման գործում. մայիսից տեսանելի է, որ Ռուսաստանը Կովկասում վերադարձի խնդիր է դրել, մյուս կողմից էլ դիրքերը չի ցանկանում զիջել Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Վերջին շրջանի հայտարարությունները մի հետաքրքիր բան են ցույց տալիս, որ իսկապես Ռուսաստանը ինչ որ կամ մտադրություններ է փորձում իրականացնել, կամ ունի նման խոսակցություններ այս երկրների ղեկավարների հետ զորքեր տեղադրելու կապակցությամբ: Չափազանց տեսանելի պայքար է գնում երկու երկրների միջեւ: Մի կողմից արեւմուտքը` ի դեմս Ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների, փորձում են Մինսկի Խմբի շրջանակներում պահել հարցը, մյուս կողմից Ռուսաստանը փորձում է անուղղակի ձեւերով այն հանել Մինսկի խմբի ձեւաչափից»:

Առաջիկա որեւէ պաշտոնական հանդիպումներից` ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, վերլուծաբանը որեւէ ակնկալիք չունի: Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերին, ապա այս իրավիճակը վերլուծել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` գալով հետեւյալ եզրակացության. սահմանում ակտիվ գործողություններ չեն ձեռնարկվի Ադրբեջանի կողմից, նրանք հետապնդում են այլ նպատակ. «Սահմանամերձ գոտում անընդհատ լարում առաջացնելը նպատակը հստակ ու մեկն է: Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այսօր ՀՀ-ն ռազմաքաղաքական եւ ստրատեգիական իմաստով այնպիսի դաշինքների մեջ է եւ Հայաստանի բանակը առայժմ այնպիսի վիճակի մեջ է, որ ինքը մի թիզ հողի հարց չի կարող լուծել, բացառված է: Նախիջեւանի գործողությունը ձեզ օրինակ: Բայց դիպուկահարի աշխատանքը սահմանամերձ գոտում ինչ է անում` անվստահությունն անընդհատ մեծացնում է, տեղահանվելու, հայրենիքից գնալու տրամադրությունն անընդհատ մեծացնում է: Ադրբեջանի քաղաքականության իմաստը սահմանամերձ գոտում սա է»:

Ըստ քաղաքագետի` արտագաղթի հետեւանքով թուլացած պետության հետ նախապայմաններով ու թելադրանքով խոսելն ավելի հեշտ է: Այնպես որ պաշտոնական Երեւանին առաջարկում է լուծել երկու առաջնային հարց. բանակցային գործընթացում լուծել դիպուկահարներին հետ քաշելու խնդիրը, իսկ ներքին քաղաքականության մեջ` կասեցնել արտագաղթը եւ երիտասարդ սփյուռքահայերի օգնությամբ կազմակերպել ներգաղթ`գիտակցելով Հայրենիքը կործանումից փրկելու անհրաժեշտությունը:

Հայ-թուրքական հարաբերություններից թե քաղաքագետը, թե վերլուծաբանը լուրջ ակնկալիքներ չունեն: Թուրքաիայի ղեկավարների վերջին հայտարարությունները համարում են «թուրքական խաղեր», որոնք ակտիվանալու են Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցից առաջ: Ստեփան Սաֆարյանը զգուշության կոչ է անում` գիտակցելով, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կախված է գերտերությունների շահերից եւ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունից:

Back to top button