«Խուսափեք զոհի կարգավիճակից». Բրոդսկու խոսքը հիշեցին արտագաղթի շուրջ քննարկման ժամանակ


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Այսօր վերջնականապես հիասթափվեցի և ինձ էլ չեմ համարում Հայաստանի քաղաքացի: Հայաստանն այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիքը»,- դերասան Սեպուհ Ապիկյանի նման խորը հիաթափության պատճառը, ինչպես նա պարզաբանում էր ֆեսբուքյան իր էջի նույն գրառման մեջ, ՃՈ-ի կողմից 200 հազար դրամի չափով տուգանվելու հանգամանք էր։ Գրառումը համացանցում դարձավ ակտիվ քննարկումների առարկա, արձագանքները հիմնականում բացասական էին: Ցավոք, մի տեսակ շանտաժի նմանվող նման բովանդակությամբ գրառումներն ու բանավոր սպառնալիքները կարծեք մեր կյանքի տհաճ ու անբաժան մասն են դառնում: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սա բացատրում է նրանով, որ արտագաղթ երևույթն իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ դեռևս լուրջ չի ընկալվում ու գնահատվում ոչ իշխանությունների և ոչ էլ հասարակության կողմից։
«Հայրենիքի հանդեպ կա պատասխանատվություն, բայց հայրենիքում համապատասխանաբար պետք է լինի նաև իրավունք: Երբ իրավունքն ու պատասխանատվությունը շատ են շեղվում, հայրենիքի հանդեպ կարող է ծնվել նաև մեծ հարցական»,- Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ վերը նշված շանտաժային բովանդակությամբ գրառումներն այս ամենի ուղղակի հետևանքն են:
Հովհ..Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հավելում է. «Հայրենիքի հանդեպ վերաբերմունքը, ցավոք, շատերն այսօր պայմանավորում են իշխանությունների հետ ունեցած հարաբերություններով»։ Բաբայանը մեջբերում է Իոսիֆ Բրոդսկու հայտնի խոսքը. «Խուսափեք զոհի կարգավիճակից», ինչո՞ւ, որովհետև դա կազմալուծում է կամքը:
«Յուրաքանչյունր իր ձևով, իր տեղում, եթե ամեն րոպե, ամեն վայրկյան չի պայքարում իր արժանապատվության, իրավունքների, մեծ հաշվով՝ հայրենիքի համար, ուրեմն, դժգոհելու իրավունք չունի, որովհետև ի սկզբանե դրել է իրեն զոհի կարգավճակում,- ասում է արվեստագետն ու հավելում,- փառք աստծո, որ վերջին քսան տարիներին Հայաստանում ծնվել է մի սերունդ, որն իր մեջ հաղթահարել է վախն ու զոհի հոգեբանությունը»։ Ըստ արվեստագետի՝ ինքնամաքրման գործընթացը սկսված է։
Երիտասարդների պայքարը, ըստ Խառատյանի, որոշումների վրա առայժմ գուցե շատ չի ազդում, բայց հասարակական մտածողության մեջ հսկայական փոփոխություններ է բերում։