Հասարակություն

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է ՌԴ Պետական Դումա

ՌԴ-ում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է ՌԴ Պետական Դումա: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանում և ամրապնդվում: Այս մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նրա խոսքով` երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Պետդումայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը ավելի կզարգանան ու կխորանան, և այս համատեքստում բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Սերգեյ Նարիշկինը ողջունել է և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և նշել է, որ այն խթան կհանդիսանա առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և ընդլայնման համար: Պետդումայի նախագահը կարևոր է համարել նաև համագործակցության խորացումը միջազգային տարբեր հարթակներում: Ռուսական կողմն առաջարկել է նաև ակտիվացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարանների միջև:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատեց Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները` համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց են ապրում: Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ընկած է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր մտերմությունը: ԱԺ նախագահը նշել է, որ միջպետական կապերի կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական ձևաչափը:

«Վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, և տարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումները նոր լիցքեր են հաղորդում և լայն հնարավորություններ ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,-ասել է Գալուստ Սահակյանը: Նա նույնպես կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը երկար տարիների ընթացքում արդյունավետորեն համակարգում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային Ժողովի փոխհարաբերությունները:

Միջպետական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարևորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն կստեղծի նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար:

Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թ. լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և ի թիվս այլ միջոցառումների` Երևանում ապրիլին կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով: Նա Սերգեյ Նարիշկին հրավիրել է մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաև ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, և Պետդումայում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի:

«Կարծում եմ նաև, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում՝ ֆաշիզմի հետ մեկտեղ»,-նշել է ԱԺ նախագահը:

Back to top button