ԿարևորՏնտեսական

Գազի եւ էներգիայի թանկացման հետեւանքով հնարավոր գների շղթայական բարձրացումները մինչեւ ուր են շարունակվելու

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են նոր շրջանակներում ու նոր կանխատեսումներով: Սակագների բարձրացման հետեւանքով հնարավոր գների շղթայական բարձրացումները մինչեւ ուր են շարունակվելու, ու ինչի հետեւանք է հոսանքի սակագնի նոր բարձրացումը` պարտադրող պատճառների՞, թե՞ սխալ քաղաքականության: 

Հայաստանի իշխանությունները չեն դադարում հայտարարել արտահանմանը միտված քաղաքականություն որդեգրելու մասին: Իրականում, սակայն, նրանք քայլեր են իրականացնում ճիշտ հակառակ ուղղությամբ, վստահ է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Անցյալ տարվա սակագների բարձրացումներից հետո ի՞նչ փոխվեց դրական ուղղությամբ, որ նոր բարձրացումներից հետո փոխվի, հարց է տալիս Խաչատրյանն ու միաժամանակ անհասկանալի համարում, թե ինչու գործարարների դժգոհությունը չի լսվում այս առիթով: Չէ՞ որ նրանք մրցունակության անկման լուրջ խնդրի առջև են կանգնում։

Գործարարների անունից խոսեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այո, մրցունակության անկման խնդիր, անշուշտ, կա: Ընդ որում՝ բիզնեսին հասցվող վնասները չեն կոմպենսացվում ոչ շրջանառության հարկի նվազեցմամբ, ոչ էլ ընտանեկան բիզնեսին արտոնությունների տրամադրմամբ: Նախ՝ Մակարյանի հաշվարկով՝ հարկային այս բարեփոխումներով հանդերձ էլ փոքր ու միջին բիզնեսի ծախսերը, այնուամենայնիվ, հոսանքի թանկացման հետեւանքով ավելանում են:

Եւ բացի այդ` ինչի են պետք փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քայլերը, եթե մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում տվածից դեռ մի բան էլ ավելին: Այսինքն` աջակցող մեխանիզմները դրական բալանս այդպես էլ չեն ապահովում: Գործատուների միության նախագահին էլեկտրաէներգիայի սակագների նոր բարձրացումը հիմք է տալիս իր խոսքով «բլեֆ» փնտրել համապատասխան պատկան մարմինների խոստումների, արածի ու չարածի մեջ:

Եթե նախորդ տարիներին խոսում էին էներգախնայողության բարձրացման մասին, ապա «էներգախնայողություն չկա, ընդհակառակը՝ համակարգը կորուստներով է աշխատում»։ Եթե խոստանում էին էներգամատակարարման հուսալիություն ու անվտանգության բարձրացում, ապա «հուսալիություն չկա, վթարները շատ են, անջատումները շատ են»։ Խոստանում են էներգախնայողության ու էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթեր մշակել, բայց այդ ստանդարտների կիրառումն այդպես էլ չենք տեսնում, «Մեր էլեկտրաէներգիայի որակը զիջում է միջազգային ստանդարտներին»։

Շարունակելով խոստացվածի ու չարվածների շարքը՝ Գագիկ Մակարյանը հայտարարում է, որ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ծրագրերի մոտավորապես կեսը չի իրականացվում։ «Այսինքն՝ ստացվում է, որ ամեն անգամ ու ամեն տարի հոսանքը, գազը, ջուրը թանկացնում են, հետո փորձում կոմպենսացնել ծախսերը, հետո էլ ասում` յոլա գնալու ձեւեր գտեք»։

Դրան զուգահեռ մարդկանց «ձեռքի փողը» գնալով նվազում է, բիզնեսի ծախսերն աճում են, փոքր ու միջին բիզնեսն էլ մնում է մշտական տուժողի դերում: Տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը կիսում է այս մտահոգությունները ու դրանց ավելացնում սեփականը: Էներգետիկան արտադրության բոլոր ճյուղերում ներկա է, ու սակագների բարձրացումը պարտադիր իր պահանջներն է թելադրում: Էներգետիկ շուկան պետք է ազատականացվի. վստահ է Եղիազարյանը: Այլապես Հայաստանն ինքնամեկուսացման քաղաքականություն է ընտրել, հոսանքի դիմաց վճարում ենք եվրոպական գնով, սակայն համեմատելի չենք անգամ հարեւան երկրներից եւ ոչ մեկի հետ։ «Ինչպե՞ս պետք է էներգետիկ շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող պոտենցիալ ներդրողները կողմնորոշվեն մեր շուկայում աշխատելու համար, եթե այս շուկան ազատ չէ»,- ասում է։

Էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 42 դրամի հասցնելու որոշման դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը որպես քաղաքացի հարց է բարձրացնում` ինչո՞ւ պետք է ինքը ստիպված լինի ավելին վճարել, որպեսզի կառավարչական խնդիրներ լուծվեն։ «Ապաշնորհ քաղաքականության բեռն արդեն որերորդ անգամ ծանրանում է քաղաքացիների ուսերին»,- ասում է։

Back to top button