Քաղաքական

ՄՄ- ի անդամակցության անշրջելիության մասին առաջին նախագահի հայտարարությունը զայրացրել է Հայրիկյանին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ազգային ինքնորոշում միավորման առաջորդ Պարույր Հայրիկյանն ինչպես վերջին տարիների այս օրը, այսօր եւս լրագրողներին հրավիրել է իր առանձնատուն: Առիթը տոնական է։ Ինչպես Հայրիկյանն է բնորոշում՝ իր համար եռատոն է: Շամպայնի շիշն այսօր բացվել է նրա ծննդյան 65-ամյակի, Հայաստանի սահմանադրության օրվա ու նաեւ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ: Հանդիպումը լրագրողների հետ նաեւ Հայրիկյանին մտահոգող թեմաներին անդրադառնալու առիթ է դարձել: ԱԻՄ առաջնորդն էլ խոսել է ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված ձեռքբերումներից, այլեւ փոխանցել իր զայրույթը քաղաքական մի շարք գործիչների, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ:

Պարույր Հայրիկյանն արդեն ավանդույթ է դարձրել Հայաստանի Սահմանադրության օրվա առթիվ շամպայնի գավաթ բարձրացնելու արարողությունն իր առանձնատանը կազմակերպելը: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջորդը ճակատագրի բարեհաճությունն է տեսնում այն հարցում, որ Հայաստանն իր Սահմանադրության օրը նշում է հենց դրա ստեղծման ակունքներում կանգնած անհատի ծննդյան օրը: Սահմանադրությանը օրը զուգորդվում է նաեւ Միացյալ Նահանգների անկախության տոնին, մի երկիր, որը, ըստ Հայրիկյանի, Հայաստանին որպես օգնություն ավելի շատ ֆինանսական օգնություն է տրամադրում, քան մեր երկրի առաջին բարեկամ համարվող Ռուսաստանի տրամադրած վարկերն են։ «Սա ինձ համար եռատոն է, բայց, ցավոք սրտի, այսօր ուրախանալու քիչ բան ունեն այսօր, հատկապես՝ Հայաստանի քաղաքական կյանքով հետաքրքրվող մարդիկ: Իմ շենքի տանիքին ծածանվող ամերիկյան դրոշը վկայում է, որ ես չեմ մոռանում այդ երկրի մեծ օգնությունը մեր երկրին»,- ասում է։

Տոնը՝ տոն, սակայն տոնի առիթով հանդիպումը նաեւ մտահոգությունների ու մտավախությունների ներկայացման առիթ է: Հայրիկյանը հիշեցնում ու ընդգծում է իր տեսակետը` Հայաստանի քաղաքական ուղեգծի փոփոխությունը փակեց դռները դեպի Եվրամիություն ու միաժամանակ չբացեց դռները դեպի Մաքսային միություն: Սեփական բնորոշմամբ՝ այս ձախողումը Հայրիկյանը համարում է մեր երկրի իշխանությունների հրաժարականը պարտադրող պատճառ: «Այսօր շեշտակի, մտածված, նպատակասլաց քայլեր պետք է կատարել դեպի Եվրոպական Միություն: Դա ուղղակի անհրաժեշտություն է»։

1995-ին ընդունված Սահմանադրության մեջ 2005-ին կատարված փոփոխություններն այն ավելի դեմոկրատ դարձրին, կրճատվեցին հանրապետության նախագահի իրավասությունները, ավելացան Ազգային ժողովին ընձեռվող լիազորությունները, վարչապետի դիրքերն ավելի ամրապնդվեցին: Փոփոխությունները հնարավոր դարձրին նաեւ երկքաղաքացիությունը, ինչը չափազանց կարեւոր է մեծ Սփյուռք ունեցող Հայաստանի համար:

Ճիշտ կիրառման դեպքում Սահմանադրությունը կարող է ծառայել որպես բացարձակ ժողովրդավարական համակարգ, շեշտում է Հայրիկյանը ու միաժամանակ նկատում` մեր երկրի գլխավոր օրենքում նոր փոփոխություններ եւս անհրաժեշտ են: Մասնավորապես՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջեւ 5 տարվա ինտերվալը հարկ է կրճատել` դարձնելով 2 տարի: Այդպես ժողովրդի ձայներից իշխանությունների կախվածությունն ավելի մեծ կլինի, պատասխանատվությունը` նույնպես, կարծում է Հայրիկյանը։

Հայրիկանի մոտ այսօր զգացմունքները փոքր-ինչ խառնվել են իրար` տոնական տրամադրությունը զուգորդվում է մտահոգություններով ու բարկությամբ: Այսօր տարբեր պետական գործիչներ հայտնվում են եթերում ու ներկայանում որպես Սահմանադրության ակունքներում կանգնած մարդիկ: Նրանք ստախոսներ են. բարկանում է ԱԻՄ առաջնորդը: Ինքն այդ տարիներին այդ մարդկանց չի հիշում իր կողքին կանգնած: Հայրիկյանի բարկությունն այդ շրջանակից դուրս էլ եկավ, ու Հայրիկյանն առաջին անգամ հրապարակավ իր ասելիքն ուղղեց հանրապետության առաջին նախագահին: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ասաց, հերթական սխալներն է թույլ տալիս: «Ամիսներ առաջ ինքը հայտարարեց, թե Մաքսային միությանը միանալու գործընթացն անշրջելի է: Ինքը պետք է վերջ տա մեր ժողովրդին իր վնասակար դիտարկումներով վնասելու գործելակերպին ու նաեւ սովորությանը»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

 

 

 

 

 

 

 

Back to top button