ԿարևորՔաղաքական

Ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Պետականության ավանդույթների եւ փորձի բացակայության պայմաններում 19 տարիների ընթացքում Սահմանադրությունը կարողացել է իր պատմական դերակատարությունը լիարժեք իրականացնել, սակայն այսօր բնականոն զարգացումը արգելափակված է եւ առաջացել է ՀՀ սահմանադրությունը կրկին փոխելու անհրաժեշտությունը։ Այդ ուղղությամբ առայժմ աշխատում է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը մշակել է բարեփոխումների հայեցակարգը։ Սա առաջին փուլն է, երկրորդը կմեկնարկի, երբ քննարկումները կտեղափոխվեն մասնագիտականից քաղաքական հարթություն` ԱԺ։ 

Ինչ խնդիր ուներ ՀՀ Սահմանադրությունը, որ իշխող կուսակցությունը նախընտրական ծրագրից դուրս նախաձեռնեց երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխության գործընթացը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի պատկերացմամբ՝ առաջնային խնդիրը իշխանության գերկետրոնացումը, իշխանության մոնոպոլիզացիան են, «որը պայմանավորում է այսօրվա սահմանադրական բարեփոխումների պահանջը: Կիսանախագահական համակարգի կարեւորագույն բացասական գծերից մեկն է, երբ ունենում ենք հսկայական չափով իշխանության կենտրոնացում, բայց չենք ունենում որեւէ քաղաքական պատասխանատվություն»։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն ունեցել է բազմաթիվ հանդիպխումներ փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նույնիսկ ծանուցողական հանդիպում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ` ունեն հսկայական ծավալի առաջարկություններ, որոնք, սակայն, ավելի իրատեսական է քննարկել բարեփոխումների երկրորդ փուլում:

Թե ինչ ունենք այսօր` Գագիկ Հարությունյանը վաղ է համարում գնահատել, հատկապես, երբ դեռ չկա քաղաքական միասնություն: «Սահմանադրական դիմնամիկ զարգացումները պարզապես արգելափակված են: Թե ինչու` պետք է կարդալ հայեցակարգը։ Այնտեղ մանրամասն գրված է: Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք Սահմանադրությունը դարձնել ոչ թե իշխանակենտրոն, ինչպես որ է, այլ դարձնել մարդակենտրոն Սահմանադրություն, ինչը ապագա Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի, ապա այդ սոցիալական եւ շատ այլ խնդիրներ որոշակի լուծում կստանան: Եվ չափազանց կարեւոր է քաղաքական աջակցությունը: Եթե, ի վերջո, այդ քաղաքական աջակցությունը լիարժեք ու բավարար չլինի անկախ նրանից, թե ինչ որակի փաստաթուղթ է մշակվել, դա ապագա կարող է չունենալ»։

Հենց այս մասով էլ որոշակի խնդիրներ արդեն կան: Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը նախապես հայտարարել էին` չեն մասնակցելու որեւէ բովանդակային քննարկման, քանի որ չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական եւ քաղաքական պահանջ:

Ի դեպ` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում գլխավոր դեր է հատկացված ՀՀ շարքային քաղաքացուն: Այսինքն՝ իրավունք է վերապահվում ՀՀ քաղաքացիներին սեփական նախաձեռնությամբ որեւէ հարցի շուրջ հանրաքվե նախաձեռնել: Բայց սա որոշակի խնդիր է իր մեջ պարունակում, կարծում է «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուիչ Արտակ Զեյնալյանը։ «Մեր թե 1995 թվականի Սահմանադրությունը, թե 2005 թվականի խմբագրմամբ Սահմանադրությունը չեն ընդունվել ժողովրդի կողմից եւ չկա այդ ընկալումը, որ իրենց կամքով է իրականացվում երկրում իշխանությունը եւ, ընդհանրապես, այն ամենը, ինչ նախատեսված է Սահմանադրությամբ»։

Նա կարծում է՝ բարեփոխումների հաջողության հիմքում դրված բարի նպատակների իրականացման համար, նախ` պետք է վերակագնել հասարակության վստահությունը ընտարական ինստիտուտների նկատմամբ։

Back to top button