Տնտեսական

Էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի արտադրության ինքնարժեքի եւ երկրում գնաճի վրա, ասում է ՀԱԱ նախագահը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Անցնող շաբաթվա ամենաքննարկվող հարցերից մեկը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն է՝ ըստ որի օգոստոսի 1- ից Հայաստանում էլեկտրաէներգիան կրկին կթանկանա: Մինչ կառավարությունը ուղիներ է փնտրում սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար, տեղական արդյունաբերողները ահազանգում են սպասվող հերթական գնաճի մասին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մնաց իր կարծիքին ու հուլիսի 1- ին որոշեց՝ այս տարվա օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը մեր երկրում կբարձրանա տասը տոկոսով: Մինչ կառավարությունը ուղիներ է փնտրում սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար, տեղական արդյունաբերողները ահազանգում են սպասվող հերթական գնաճի մասին: Նրանք իրենց մտահոգությունները փոխանցել են ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանին:

Թեև Սաֆարյանը կոնկրետ անուններ ու տոկոսներ չի նշում, սակայն, թանկացող ամենահավանական արտադրություններից առանձնացնում է. «»Ցեմենտի ու մեքենաշինական ապրանքների արտադրության սպասվող թանկացումը, քանի որ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում: Ընդհանուր երևույթն է տրամադրում նրան, որ գները բարձրանան»։ ՀԱԱ միության նախագահը նշում է, որ բացի արդյունաբերական ապրանքներից, գնաճ կնկատվի նաև սննդի արդյունաբերության մեջեւ։

Սա, բնականաբար, հանրային կյանքի վրա դրական չի անդրադառնա:  Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ ՀԷՑ-ում առաջացած ճեղվածքը վերացնելու համար պետությունը պետք է ինչ-որ միջոցներ գտներ ու հատկացներ ՀԷՑ-ին, և պետություն մասնավոր հատված գործառույթի կիրառմամբ ինքը դառնար բաժնետեր և բաշխիչ ցանցերում,և Հրազդանի ՋԷԿ-ում, և այն ձեռնարկություններում, որոնք պետական չեն:

Վազգեն Սաֆարյանը նշում է, որ չնայած նրան, որ ատոմակայանը 88 օր չի աշխատել, այդուհանդերձ նրա տված էլեկտրաէներգիան 102,1 տոկոս է կազմել, այսինքն՝ նա ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել: «Ես կարծում եմ, որ պարզապես էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալներն են պակասում: Խորհրդային տարիներին մենք 16 մլրդ կվտ/ ժամ էլեկտրաէներգիա ենք օգտագործել, այժմ՝ ՀԷՑ մուտք է եղել 6,3 մլրդ/կվտ ժամ էլեկտրաէներգիա: Փաստորեն` 2,5 անգամ պակաս էլեկտրաէներգիա ենք մենք ծախսում, քան դա եղել է 25 տարի առաջ: Մենք 4,1 տոկոսով ավելի քիչ ենք հոսանք օգտագործում։ Սա խոսում է նրա մասին, որ նախ մարդիկ են արտագաղթում, դրա համար են քիչ օգատգործում, երկրորդ՝ էլեկտրաէներգիան խնայում են, քանի որ վճարելու խնդիր ունեն: Սրանք մտահոգիչ փաստեր են»,- նկատում է զրուցակիցս:

ՀԱԱ նախագահը հիշեցնում է կառավարության հերթական «հավակնոտ» հայտարարություններից մեկը՝ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական կենտրոն, բնականաբար՝ էլեկտրաէներգիայի կարիք պետք է ունենա: Վազգեն Սաֆարյանը ուղղորդում է՝ էլեկտրաէներգիայի մեծ ծավալի սպառման հարցը պետք է հոգալ Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկի գործարկմամբ, որը կարող է բավականին էժան հոսանք վաճառել։ Օրինակ 1,2 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա երկու տարում վաճառել է ՀԷՑ-ին 0,4 դրամով։

«Մենք երկար ժամանակ խոսում էինք Երևանի ՋԷԿ-ի քարածխի յոթ վառարաններից գոնե չորսի գործարկման մասին, խոսում էին, որ դա պետք է աշխատի Ղարաբաղից բերվող քարածուխով: Անցել է 1,5 տարի, արդյունք չկա: Մեքենաներ են գնել, որ այդ քարածուխը պետք է տեղափոխեն մինչև Վարդենիս,այնտեղից բերվեն երկաթգծով»,- հիշեցնում է Սաֆարյանը:

ՀԱԱ միության նախագահը նկատում է՝ նախագծերն ասվում են, սակայն տնտեսապես չեն հիմնավորվում, ուստի և մնում են թերի և անկատար: Պետք է հայտարարությունից առաջ տնտեսական վերլուծություններ արվեն, երզրափակում է ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը։

 

Կարդացեք նաև
Close
Back to top button