ԿարևորՔաղաքական

Եվրասիական միության անդամակցությանը Հայաստանը որեւէ նախապայման չի ընդունի

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր ամփոփել է ԱԺ գարնանային  նստաշրջանի արդյունքները: Վահրամ Բաղդասրյանին ուղղված հարցերի հիմնական մասը , սակայն, վերաբերել է արտախորհրդարանական թեմաներին՝ Եվրասիական միության անդամակցության ձգձգումից մինչև  էլեկտրաէներգիայաի սակագնի բարձրացում։

Եվրասիական միությանն անդամակցել առանց նախապայմանների
«Որպես խմբակցության ղեկավար կարող եմ հայտարարել, որ որևէ նախապայման չենք ընդունելու, հավասարը հավասարի հետ սկզբունքով  պատրաստ ենք անդամակցել Եվրասիական միությանը»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը կարծում է, որ ժամկետների հետաձգումը լուրջ պատճառ չունի,  և անդամակցությանը խանգարող որևէ խոչընդոտ այս պահին  չկա:

Տեխնիկական բնույթի հարցերը լուծվել են, ու Հայաստանն այժմ սպասում է կողմերի հաջորդ հանդիպմանը, որը, ինչպես Ղազախստանի արտգործնախարարն էր վերջերս ասել,  նախատեսվում է հոկտեմբերին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հղում է  անում  նաև ՌԴ նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի Եվրասիական միությանը՝ ընդգծելով սակայն, որ նոր պայմանների առաջադրման դեպքում Հայաստանը նախապայմաններ չի ընդունելու: Այս դիտարկումն արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանին հնարավոր է նոր նախապայմաններ առաջադրվեն։ «Պարզապես շատ է մամուլում այս հարցն արծարծվում, դրա համար մենք նախօրոք մեր դիրքորոշումը հայտնում ենք: Առայժմ չկան նման խնդիրներ: Այն պայմանավորվածությունները, որ եղել են սեպտեմբերի  3-ից հետո, մենք դրանց սահմաններում ենք և չենք ցանկանում շեղվել դրանցից: Դրա համար ասում ենք, որ եթե նոր պայմաններ առաջադրվեն, պատրաստ ենք հավասրաը հավասարի հետ անդամակցել»։

Էլեկտարէներգիայի թանկացումն այլընտրանք չունի
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ քննարկումները մեծամասնությանը համոզել են այն հարցում, որ այս փուլում այլընտրանք չկա ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցումն անխուսափելի է: Բայց  մի շարք  հարցեր անպատասխան են մնացել և ավելի մանրակրիտ ուսումնասիրության կարիք ունեն: Այդ պատճառով ՀՀԿ-ն առաջարկում է հանձնաժողով ձևավորել ու ուսումնասիրել էներգետիկ համակարգի խնդիրները։

Իսկ  արդյոք համարժե՞ք էր կառավարության աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին։ Հիշեցնեմ՝  կառավարությունը որոշեց փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և դրամական օժանդակություն տրամադրե լնպաստի իրավունք ունեցող ընտանիքներին՝ նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով: Խոսքը մոտ 105 հազար նպաստառու ընտանիքի մասին է։

«Ի՞նչ եք կարծում՝ կառավարության  կամ Սերժ Սարգսյանի համար այս բարձրացումը ցանկալի՞ էր: Իհարկե ոչ, բայց անխուսափելի էր: 105 հազարը նպաստառուների թիվն է, 1000 դրամն էլ ստացվել է այն հաշվարկով, որ յուրաքանչյուր ընտանիքի վրա էլեկտրաէներգիայի բարձրացումը ամսական մոտ 730 դրամ կարժենա»։

Ինչ վերաբերում է հնարավոր  գնաճին, ապա Վահրամ Բաղդասրայանը հորդորում է  դեպքերից առաջ չընկնել, կարծում է  նաև, որ պատկան մարմինները խիստ վերահսկողություն պետք է սահմանեն։

Այնպես որ՝ այսօր երեկոյան նախատեսվող բողոքի ակցիային՝ մեկ ժամով անջատել հոսանքը, Հանրապետական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը դժվար թե միանա։ «Եթե մենք լինեինք այն կարծիքին, որ չհիմնավորված է թանկացումը, ապա առաջինը մենք կմիանայինք այդ ակցիային: Բայց քանի որ այդպես չենք կարծում, բողոքի ակցիան անիմաստ ենք համարում»։

Կանոնակարգի բացը պետք է լրացվի
Գարնանային նստաշրջանն ամփոփված է. խորհրդարանը փետրվարից հունիս ամիսների ընթացքում տասից ավելի քառօրյա նիստեր, երկու արտահերթ նստաշրջան և երկու արտահերթ նիստ է հրավիրել, ընդունել է 143 օրենք, որոնց կեսից ավելին, ի դեպ, 77-ը արտահերթ նստաշրջանների ընթացքում։

Մոտ 4 տասնայկ օրինագիծ ընդգրկված էր միայն վերջին արտահերթ նստաշրջանի օրակարգում: Այս հանգամանքը ոչ իշխանական ուժերի բոյկոտի առիթ դարձավ։ Քննադատության հիմնական թիրախն այն է, որ նախագծերին պատգամավորները ծանոթանալ չեն հասցրել։ Ընդդիմադիրները հիշեցին նաև Հովիւկ Աբրահամյանի ՝ ԱԺ-ն նախագահելու շրջանը, երբ Տիգրան Սարգսյանն այդ կերպ էր վարվում։

ԱԺ խոսնակը քննադատում էր, վարչապետ դառնալով նույն մոտեցումն է որդեգրում: Ընդունելի՞ է արդյոք կառավարության այս մոտեցումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար։ «Եթե ընդունելի համարեինք, այդքան օրենք՝ մոտ մեկ տասնյակ,  քննարկումից չէինք հանի: Մենք ունենք կանոնակարգի բաց։ Որևէ խախտում տեղի չի ունեցել։ Կառավարությունն օգտվել է իր լիազորությունից, բայց մեն ք եկանք այն եզրակացության, որ կանոնակարգի բացը պետք է լրացվի։

 

 

 

Back to top button