Տնտեսական

Արմավիրի մարզում սկսվել է ցորենի բերքահավաքը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի հացահատիկի ցանքատարածքներում արդեն մի քանի օր է սկսվել է բերքահավաքը, իսկ այսօրվանից այն զանգվածային բնույթ կկրի: Մարզում նկատելի է հացահատիկի բարձր բերքատվություն։ Բարձր բերք են ապայհովել նաև սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որոնք խոշոր հողատարածքներում ցանել են ցորենի էլիտար սորտեր` ստանալով առաջին վերարտադրության սերմացու: Նախնական հաշվարկով՝ Արմավիրի մարզում ցորենի միջին բերքատվությունը 1 հեկտարի վրա 38-40ցենտներ է։

Արմավիրի մարզի հացահատիկի ցանքատարածքներում արդեն գրեթե ամենուր հանդիպում ենք հացահատիկահավաք մեքենաների: Բերքահավաքը սկսվել է Վաղարշապատի տարածքի գյուղերից: Արագած կամ Խզնաուզ գյուղի անմշակ հողերի մի հատվածը՝ շուրջ 13.5 հա, այս տարի առաջին անգամ դրվել է մշակության տակ և ցորեն ցանվել: Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը տեղեկացրեց, որ ուրցկոտայքյան գոտում 3-րդ կարգի հողեր են, ցորենի մշակությունը լավ են կազմակերպել և ստացել են միջին հաշվով մինչև 5 տոննա բերք։

Արագածում հացահատիկի ցանքերը գրեթե 100 հա է, կտրտված հողատեսքերի վրա, որը լրացնում է գյուղացու հացամթերքի պաշարը: Այժմ կոմբայններ կարելի է նկատել Աղավնատան, Արշալույսի, Գեղակերտի, Մրգաշատի՝ այսինքն Երևան-Արմավիր մայրուղու երկայնքով սփռված ցորենի ցանքատարածքներում: Մարզում եղած 46 կոմբայնին գումարվել են նաև լեռնային և նախալեռնային տարածքներից եկած կոմբայնները` թիվը հասցնելով 100-ի: Կոմբայնավարները բերքը հնձում են 28000 դրամից մինչև 35000 դրամով։

Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, այս տարի եղանակը շատ նպաստավոր էր հացահատիկի մշակության համար։ Բարձր բերքատվությունը պայմանավորված է նաև գյուղաջակցության ծրագրերով ձեռք բերված ցորենի էլիտար և առաջին վերարտադրության սերմացուով, պարարտանյութով և կանոնավոր ոռոգմամբ: Արմավիրի մարզում հացահատիկի ցանքերը 7077 հա է, որից 5875 հեկտարը` աշնանացան ցորենի։ Եթե նախորդ տարում սերմնաբուծության զարգացման նպատակով հատկացված էլիտար սորտերն անորակ էին և բերք չտվեցին, ապա այս տարի այն արդարացրեց գյուղացիների հույսերը: Ցորենի էլիտար սորտերի միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով 5-6 տոննա է:

Գագիկ Շահգալդյանը 3 տարի է, ինչ ցորենի սերմնաբուծությամբ է զբաղվում: 10 հա-ից ստացել է 50-60 տոննա բերք, որը ախտահանելուց և զտելուց հետո 1-ը 2-ի հարաբերությամբ վերադարձնելու է, իսկ մնացածը հանձնելու է ` 1 կգրամը 160 դրամով: Լավ բերք են ստացել նաև Մրգաշատում: Արմավիրի մարզի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ բերքահավաքը կավարտեն մինչև հուլիսի 25-ը։ Ցորենի բերքահավաքին հետևում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և գոհ է տարվա հացահատիկի արդյունքներից. հունձը բնականոն ընթացքում է, անհրաժեշտության դեպքում լեռնային շրջաններից օգնության կգան ևս մի քանիսը։

Back to top button