Անվտանգության համար պետք է ապավինել սեփական ուժերին


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Վերջին ժամանակներս հայ- ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում արձանագրված լարվածությունը վկայում է, որ 20 տարի գործող հրադադարի ռեժիմը չի երաշխավորում կայուն խաղաղություն, հատկապես՝ սահմանամերձ գոտում: Սահմանի նախիջևանյան հատվածում հայկական դիրքերի ամրապնդումը մեծ հաջողություն է մեր զինուժի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարական բարձունքը գտնվում է հայկական տարծքում:
Այս հանգամանքը հարուցել է նախկին ռազմական հետախույզ Վովա Վարդանովի հպարտությունը, քանի որ այս դիտակետից հնարավոր է հետևել հակառակորդի զինուժի շարժին և վերահսկել զգալի տարածք։Առկա լարվածությունը չի զարմացնում պաշտոնաթող զինվորականին: Ըստ նրա՝ այդ հակառակորդի առկայության գործոնը պետք է մշտապես հաշվի առնել, քանի դեռ վտանգը գոյություն ունի։
Որպես հակազդման լավագույն միջոց մեր զինուժը պետք է տարածի սարսափի գոտի, համոզված է Վարդանովը: Դրա համար բավական է հատուկ գործողությունների իրականացում՝ փոքր, սակայն արդյունավետ միջոցներով, նկատեց ռազմական հետախույզը։
Ներկա իրավիճակը թելադրում է իր խիստ պայմանները, որոնց հնարավոր չէ հաշվի չառնել անվտանգության ապահովման գործում, մասնավորապես, պաշտպանական ականապատման իրագործմամբ, իր հերթին շեշտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Շատ հաճախ խաղաղությունը արձանագրվում է ոչ թե բանակցությունների , այլ պարտադրման միջոցով, ինչի մասին բազմիցս վկայում է պատմական փորձը:
Ամեն դեպքում՝ հաջողության հասնելու համար պետք է ապավինել սեփական ուժերին, քանի որ հակառակորդին սպառազինություն մատակարարող ռազմավարական դաշնակիցները այնքան էլ հուսալի չեն: