Միջազգային

Քրդական խնդրի քաղաքական կարգավորման օրինագիծը հաստատվեց Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովում

Թուրքիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել քրդական խնդրի քաղաքական կարգավորմանը միտված օրինագծին։ Հանձնաժողովի անդամները օրենսդրական փաթեթը քննարկել են երկու օր եւ այժմ այն պետք է ներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին։

Հանձնաժողովում բանակցություններն անցել են լարված մթնոլորտում։ Ազգայնական շարժում կուսակցությունը հայտարարել է, որ օրինագծի մի քանի կետ հակասում է Թուրքիայի սահմանադրությանը, միեւնույն ժամանակ՝ ընդդիմադիր ժողովրդա- հանրապետական ու քրդամետ ժողովրդա- դեմոկրատական կուսակցությունները պաշտպանել են նախաձեռնությունը։

Օրինագծով, մասնավորապես, ամրագրվում են Քրդական աշխատավորական կուսակցության անդամների համաներման հիմքեր։ Շարքային անդամները, որոնք հրամանատարական կազմում չեն եղել եւ ռազմական գործողությունների անմիջական մասնակից չեն, կարող են լիակատար կամ մասնակի համաներման արժանանալ։ «Օրենսդրական երաշխիքներ» են խոստացվել նաեւ այն պետական ծառայողներին, որոնք մասնակցել են խնդրի կարգավորմանը կամ հակաահաբեկչական գործողություններին։

Միաժամանակ՝ կառավարական կառույցները իրավունք կունենան կարգավորման նպատակով ուղիղ շփումներ հաստատել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հետ եւ երկրի ներսում, եւ արտասահմանում։

Back to top button