ՎԶԵԲ- ի դրամաշնորհային նոր ծրագիրն ուղղված կլինի վերականգնողական էներգետիկային


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը առաջիկայում ևս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների և էներգետիկ բնագավառների զարգացմանը, հայտարարել է բանկի Արևելյան և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա ողջունել է ՀՀ նոր կառավարության՝ գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական հավասար պայմանների ներդրմանը և մենաշնորհների դեմ պայքարին ուղղված գործունեությունը։
Միաժամանակ, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին:
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով: