Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահություն է պահանջում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է բարեփոխել հանրաքվեի ինստիտուտը: Փաստաթղթի հեղինակները կարծում են , որ  հանրաքվեն, որպես անմիջական ժողովրդավարության միջոց, Հայաստանում ավելի գործուն դառնալու  անհրաժեշտություն ունի: Մասնավորապես՝ առաջարկվում է   նախատեսել քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտ։ Մեդիա կենտրոնում, Սահմանադրության օրվան ընդառաջ, այսօր քննարկել են  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրաքվեին վերաբերող առաջարկները: Քննարկումը, սակայն,  ծավալվել է ոչ այնքան կոնկրետ այս մեխանիզմի, որքան  փոփոխությոթնների հանրային պահանջի  ու վստահության մասին:

Որևէ օրենք,  պետական կյանքի կարևորագույն որևէ հարց Հայաստանում մինչ այժմ հանրաքվեի չի դրվել, թեև գործող Սահմանադրությունն ու «Հանրաքվեի մասին» օրենքն այդ հնարավորությունը տալիս են։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ մշակած մասնագիտական խմբի անդամները կարծում են, որ հանրաքվեի ինստիտուտը  Հայաստանում ընդլայնվելու, ավելի գործուն դառնալու  անհարժեշտռություն ունի: Առաջարկներից հիմնականը հասարակությանը  հանրաքվե նախաձեռնելու իրավունք վերապահելն  է։

Այս  առաջարկը տեսականորեն  ընդունելի, իսկ գործնականում խնդրահարույց է համարում «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուիչ Արտակ Զեյնալյանը։ «Եթե ժողովուրդն ունենա հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն, դա մեծապես կբարձրացնի  իշխանության պատասխանատվությունը, կմեծացնի ժողովրդի անմիջական մասնակցությունը երկրի կառավարմանը»։

Բայց փորձագետը նաև համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակական վստահություն է  պահանջում, ինչը Հայաստանում բացակայում է, «ուստի սահամանադրական ցանկացած որակի փաստաթուղթ, քանի որ պետք է անցնի ընտրական մեխանիզմներով,  չի կարող ծառայել այն նպատակին, որը հետապնդում է»։

Փորձագետն ընդհանուր առմամբ կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների կարիք կա, բայց չկա այդ փոփոխություններն իրականացնելու հանրային պատվերը կամ պահանջը ոչ հասարակաության, ոչ քաղաքական ուժերի և ոչ էլ քաղաքացիական հասարակոսւթյան կողմից։

Քննարկմանը մասնակից քաղաքական դաշտի ներկայացուցիչը գրեթե նույն դիտարկումն է անում: «Ժառանգությունն» անիմաստ է համարում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումներին մասնակցելը, քանի որ չի տեսնում  դրանց ընդունման հիմնական նախապայմանը՝ վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ, ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:  20 տարվա ընթացքում միայն 2 համապետական հանրաքվե կազմակերպելը կամ տեղական նշանակության ոչ մի հարցի վերաբերյալ  հանրաքվե չկազմակերպելը,  պատգամավորի կարծիքով,  խոսուն ցուցանիշ է։ «ՏԻՄ-երը կարող էին համայնքային նշանակության ցանկացած հարց հանրաքվեի դնել, բայց ոչ մի անգամ դա չենք արել: Չենք օգտագործում այն գործիքը, որի նկատմամբ վստահություն չունենք»։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ծավալուն և մի շարք հարցերում արմատական փոփոխությունների խնդիր է դրվում: Թևան Պողոսյանին զարմացնում է նաև հանգամանքը, որ նման փոփոխություններ նախաձեռնած  Հանրապետական կուսակցությունը  նման մտադրության մասին չի խոսել  ոչ 2012թ., ոչ էլ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ։ Այդ դրույթները տեղ չեն գտել նաև քաղաքական մեծամասնության նախընտրական ծրագրում։ «Եթե դու տեսլականում չունես այդ խնդիրը, եթե դու դա չես նշել քո նախընտրական ծրագում, ինչո՞ւ ես նախաձեռնում, ինչո՞ւ ես զբաղվում  մի խնդրով, որի համար ժողովուրդը քեզ քվե չի տվել: Մինչդեռ եղել են քաղաքական ուժեր, որոնք իրենց ծրագրերում այդ կարիքի մասին գրել են»։

Այդ կուսակցություններից մեկն էլ «Ժառանգությունն» է, որը  նախընտրական ծրագրում  շեշտել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ առանցքային համարելով մասնավորապես անցումը կառավարման խորհրդարանական մոդելին: Իսկ  այս խնդրին անդրադարձ կա նաև սահմանադրական բարեփոխումների՝ քննարկման դրված նախագծում: Եվ հենց այս տեսանկյունից էլ հնչում է հակադարձ քննադատությունը ՝ ուղղված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մերժող ուժերին, նաև «Ժառանգություն» կուսակացությանը: Ինչո՞ւ են մերժվում այն կետերը, որոնց անհրաժեշտության մասին ընդդիմադիրները խոսել են ու նշել  իրենց ծրագրերում։ «Կրկնում եմ՝ մենք չենք մասնակցում այս քննարկումներին ոչ թե այն պատճառով, որ տեքստին ենք դեմ, այլ այն պատճառով, որ չունենք վստահություն ընտրական համակարգի նկատմամբ: Իսկ ընդհանրապես ուրախ եմ, որ իշխող կուսակցությունում կարդում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիը: Այնտեղ ոչ միայն կառավարման համակարգի, այլ նաև շատ այլ հարցերի մասին օգտակար գաղափարներ կան»,- ասում է Թեւան Պողոսյանը։

Back to top button