Տնտեսական

Հայաստանում հողերի խոշորացումը խիստ անհրաժեշտ է. մասնագետ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում հողերի խոշորացումը խիստ անհրաժեշտ է: Այդ ուղղությամբ պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր, բայց ոչ բավարար նպատակասլացությամբ ու ոչ այնքան հստակ ուղիներով:Այսօր լրագրողների հետ իր այս դիտարկումներով է կիսվել գյուղոլորտի մասնագետ Համլետ Պետրոսյանը: Բանախոսն ի մի է բերել և փոխանցել բազմաթիվ գյուղացիների մտահոգություններն ու մտավախությունները եւ ներկայացրել հողերի խոշորացման սեփական ծրագիրը:

Հայաստանում հողերի խոշորացման գաղափարախոսությունը լավն է, այն իրականացնելու ուղիներն այն չեն: Գյուղոլորտի մասնագետ Համլետ Պետրոսյանը հայրենի Նալբանդյան համայնքի օրինակով նկատում է` մեր երկրում հողերը չափազանց մանր են մասնատված, ու նույնքան էլ փոքր են այդ հողակտորները մշակելուց սպասելիքները: Հողերի խոշորացումն, այո, անհրաժեշտ է, ասում է Համլետ Պետրոսյանը: Պետական ծրագրերն էլ լավն են, սակայն հարցն այն է, որ հողերի խոշորացմամբ այժմ զբաղվում են նրանք, ովքեր մեկ տարի առաջ նույն այդ հողերի մասնատման կողմնակիցն էին: Հողերի խոշորացման ծրագրերը չեն իրականանում եւ դժվար թե իրականանան, քանի որ գյուղացուն շահագրգռող հանգամանքներն են սուղ:

«Մեր հողաբաժինները շատ փոքր են` միջինում 5000 մետր, դա վաճառելու դեպքում գյուղացին իր անձնական կյանքում ոչ մի փոփոխություն չի կարող զգալ: Երկրորդ` այդ հողակտորների վրա աշխատելուց սպասելիքները շատ փոքր են, քանի որ շատ քիչ եկամուտ է ստացվում»:

Աշխարհում հողերի խոշորացման 3 հիմնական ուղի կա` էվոլյուցիոն, օրենքի պարտադրմամբ ու կամավոր: Ֆերմեր Համլետ Պետրոսյանը մանրամասն հետաքրքրվել է, գիտի` տարբեր երկրներում որ ուղին է հաջող արդյունքի հանգեցրել: Հայաստանում, սակայն, ըստ նրա, առաջին 2 տարբերակներն անհնարին են, երրորդն էլ անիրականանալի կլինի, եթե չվերանայվեն հողերի խոշորացման ծրագրերը: Համլետ Պետրոսյանն արդեն 3-4 տարի է` հանրապետության նախագահից մինչեւ գյուղապետարաններ ներկայացնում է հողերի խոշորացման իր ծրագիրը ու գյուղացիների անունից վստահեցնում` դրանք այն փոփոխություններն են, որոնց սպասում են գյուղում: Ծրագրի հիմնադրույթները հետեւյալն են`

«Առաջինը` պայմանագրային պարտականությունների մեջ մտնել պայմանական ասենք` 30 եւ ավելի հա հող ունեցող ֆերմերային տնտեսությունների ու կոոպերատիվների հետ գյուղմթերքի արտադրության, մատակարարման, իրացման եւ սպասարկման ուղղություններով, երկրորդ` համատեղել գյուղնախարարության եւ գյուղապետարանների գործունեությունը: Երրորդ` ստեղծված կոոպերատիվ եւ ֆերմերային տնտեսություններին տալ իրավական կարգավիճակ, նաեւ` ստեղծել ապահովագրական ծառայություն»:

Գյուղոլորտի մասնագետը պնդում է` ապահովագրությունն այն է, ինչը պետք է լինի խոշորացման հիմքում: Իսկ որպեսզի գյուղոլորտի ապահովագրության հսկա ռիսկերն ու խոշոր ծ ախսերը չվախեցնեն ապահովագրողներին, կարելի է փոխհատուցել ոչ թե կորած բերքի, այլ մինչ այդ կատարված ծախսերի ու կրած վնասը վերականգնելու դիմաց: Համլետ Պետրոսյանը կարծում է, որ հողերը խոշորացնելիս կարելի է կոոպերատիվների մեջ ներառել անգամ միմյանցից տարբերվող հողակտորները: Թող միավորվեն մրգատու, խաղողի այգիներն ու ցանքատարածությունները, վերջում վնասն էլ կիսեն, օգուտն էլ:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանին Համլետ Պետրոսյանի ծրագիրը ծանոթ է: Հանրային խորհուրդը դրական է գնահատում բոլոր այս մոտեցումները: Խնդիրն այլ է. ասում է Սաֆարյանը: Հայաստանում գյուղոլորտում անհասկանալի ու անտրամաբանական շատ երեւույթներ կան: Օրնակ` մեկն այն, որ սահմանամերձ գյուղերում հողին կառչած գյուղացին դեռ ոռոգման ջրի դիմաց պետք է վճարի էլ: Հենց նման երեւույթներն էլ դժվարիրականանալի են դարձնում արդյունավետ քայլերը: Առաջինն ինչ պետք է արվի, ըստ Վազգեն Սաֆարյանի, ֆերմերներին հուզող հարցերին լայն հնչեղություն հաղորդելն է:

Կարդացեք նաև
Close
Back to top button