Քաղաքական

Գ. Հարությունյան. Սահմանադրությունը կրկին բարեփոխումների կարիք ունի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տասնինը տարեկան դարձող Սահմանադրությունը հերթական անգամ գտնվում է  բարեփոխումների փուլում։ Սահմանադրագետները դա նորմալ են համարում՝ նշելով, որ երկրի համար կարեւոր այդ փաստաթուղթը «կենդանի մարմին» է եւ պետք է փոփոխվի զարգացումներին զուգահեռ։ Այսօր Սահմանադրական դատարանում ընդունելություն էր կազմակերպվել Սահմանադրության օրվա կապակցությամբ, թեեւ մեր Սահմանադրության «ծնդունդը» վաղն է։

ՀՀ Սահմանադրության ծնունդն այսօր նշվեց նեղ շրջանակում, այսպես ասած, «ընտանեկան միջավայրում»՝ Սահմանադրական դատարանում, բացառապես դատավորների եւ աշխատակազմի անդամների մասնակցությամբ: Չկային պաշտոնյաներ, պատգամավորներ, հայտնի գործիչներ: Ամեն դեպքում՝ շնորհավորանքները շատ էին` ակնարկով, որ պետականության ավանդույթների եւ փորձի բացակայության պայմաններում 19 տարիների ընթացքում Սահմանադրությունը կարողացել է իր պատմական դերակատարությունը լիարժեք իրականացնել:

Այսօր արդեն նոր փուլ է եւ 19- ամյա Սահմանադրությունը կրկին բարեփոխումների անհրաժեշտություն ունի, ասում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` Սահմանադրության պաշտպանվածությունը եւ քաղաքացիական խնդիրների պաշտպանվածությունը կապելով իրար։ |Ես չափազանց կարեւորում եմ ցանկացած սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդրի եւ դրա հնարավոր սահմանադրական պատճառահետեւանքային կապի պրոբլեմը: Այնտեղ, որտեղ մարդու իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, այնտեղ, որտեղ իրավունքի գերակայության սկզբունքը լիարժեք չի գործում, այնտեղ, որտեղ իշխանությունների բաժանումը եւ հավասարակշռումը ունի լուրջ թերացումներ, խնդիրներ, այդ բոլորը` ուղղակի, թե անուղղակի, կապված են սոցիալական բոլոր խնդիրների հետ: Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք Սահմանադրությունը դարձնել ոչ թե իշխանակենտրոն, ինչպես որ է, այլ դարձնել մարդակենտրոն Սահմանադրություն, ինչը ապագա Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի, ապա այդ սոցիալական եւ շատ այլ խնդիրներ որոշակի լուծում կստանան»։

Առաջին հայացքից դրական այս նպատակներին չի վստահում քաղաքական դաշտի մի մասը` հրաժարվելով մասնակցել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակմանը: ՍԴ-ի նախագահի համար այս հարցում միասնականությունը կարեւոր է։ «Չափազանց կարեւոր է քաղաքական աջակցությունը: Ես էլ համոզված եմ, եթե այդ քաղաքական աջակցությունը լիարժեք ու բավարար չլինի, անկախ նրանից, թե ինչ որակի փաստաթուղթ է մշակվել, դա ապագա կարող է չունենալ»։

Այս պահին Գագիկ Հարությունյանը կարծում է, որ առարկայական քննարկումներ դեռ տեղի կունենան, երբ հայեցակարգային քննարկումներից սահմանադրական բարեփոխումների հարցը անցնի քաղաքական քննարկումների փուլ` խորհրդարանում: Համաձայնության չգալու տարբերակի մասին Գագիկ Հարությունյանն առայժմ չի ցանկանում խոսել, բայց նախապես պատասխանում է հարցին. արդյո՞ք հնարավոր է սահմանադրական բարեփոխումների փաթեթն ընդունվի կեղծիքով։ «Բացառում եմ, որ այդ ճանապարհով պետք է գնալ, որովհետեւ դա երկրի համար կունենա կործանարար նշանակություն: Եթե այս Սահմանադրական բարեփոխումները մեզնում չստեղծեն հասարակական համաձայնության բոլորովին այլ որակ եւ այլ մթնոլորտ, մենք կարող է պատմական հնարավորությունը բաց թողնենք: Եթե երեխան փոքր ժամանակ բարձրանում նստում է սեղանին, նրան բերում են, նույնիսկ ուրախանում: Եթե հասակն առածն է նստում` նրան պատժում են: 20 տարին բավարար է մեր փորձին եւ ուրիշների փորձերից դասեր քաղելու համար»։

Իսկ թե որքանով է Սահամադրությունն ապահովում հենց Սահմանադրական դատարանի անկախությունը իշխանական տարբեր թեւերից,  հարցը «Ռադիոլուր>-ը փորձեց պարզել նաեւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանից: «Ոչ բոլորին է, որ դուր է գալիս ՍԴ որոշումները` այդ թվում եւ պետական մարմիններին, եւ հանրության: Բայց կարծում եմ, ՍԴ կայացնում է այն որոշումները որոնք հարցի էությունից են բխում, որոնք Սահմանադրության նորմի բովանդակությունը բացահայտելու պահանջից են բխում»։

Back to top button