

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Պետք է կառուցել և սերունդներին հանձնել այնպիսի հայրենիք, որ ամեն մի հայ, որտեղ էլ ապրելիս լինի, ընտրի հայրենքի անձնագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նվիրատուների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ շեշտելով, որ 21-րդ դարում դա հայապահպանության ամենակարևոր գործիքն է։
Հանդիպման ժամանակ փոխվարչապետին ուղղված հարցերն ավելի շատ գործնական էին, քան հուզական։ Ստեփանակերտի օդանավակայանի մասին հարցին պատասխանելով՝ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ ի սկզբանե ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրագործման հարցում։
Պատասխանելով «Երբ է Լեռնային Ղարաբաղը միանալու Հայաստանի Հանրապետությանը» հարցին՝ ԼՂՀ փոխվարչապետն ասաց, որ ոչ մի հայ ութսունութի գաղափարներից չի հրաժարվել։
Թե հայրենաբնակների, թե սփռուռքահայերի խնդիրը ներկա դարում, ըստ ԼՂՀ փոխվարչապետի, պետք է լինեն հայրենքի շենացման ջանքերը, որպեսզի կառուցվի այնպիսի երկիր, որ գալիք սերունդները, որտեղ էլ որ ապրելիս լինեն, ընտրեն Հայաստանի անձնագիրը: