Հասարակություն

Քննարկվել է Բաբաջանյան- Աշտարակի խճուղի և Դավթաշեն- Աշտարակի խճուղի ճանապարհների շինարարությունը

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Տրանշ 2-ի` Բաբաջանյան փողոց- Աշտարակի խճուղի և Դավթաշենի խճուղի-Աշտարակի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհների հնարավոր ծրագրի տարբերակները: Ուսումնասիրությունն ու նախագծումն իրականացվել է ֆրանսիական նախագծային «Egis international» ընկերության կողմից, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Egis international» ընկերության ներկայացուցիչ, նախագծման թիմի ղեկավար Պիեռ Մորիսը, հատվածաբար ներկայացնելով առաջարկվող լուծումները, ընդգծել է, որ տարբերակներում ներառվել է նաև Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցման հեռանկարային տարբերակները:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքում կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությունը, կարևորել է շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը և հատկանշել, որ ներկայացված առաջարկներից պետք է ընտրվի տնտեսապես առավել արդյունավետ և մասնագետների կողմից ընդունելի տարբերակը:

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում այս քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ով արդեն իսկ մեկնարկել է Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց նոր ավտոճանապարհի շինարարությունը: Ծրագրի 2-րդ հատվածի ծրագծի վերջնական տարբերակն ընտրելու նպատակով պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի  հետագայում քննարկենք արդեն ծրագրի իրագործման հնարավորությունները»,- նշել է Վահե Նիկոյանը:

Ծրագրի շուրջ լրացուցիչ ուսումնասիրությունները դեռ կշարունակվեն։

Back to top button