Վաշինգտոնը Թուրքիայում եւ աշխարհում աջակցում է ոչ թե որեւէ կուսակցության կամ էլ թեկնածուի, այլ ժողովրդավարությանը


ԱՄՆ-ը արտահայտել է իր վերաբերմունքը առաջիկայում Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում այդ երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` որպես նախագահի թեկնածու մասնակցությանը: ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայում եւ աշխարհում աջակցում է ոչ թե որեւէ կուսակցության կամ էլ թեկնածուի, այլ ժողովրդավարությանը: «Հերթական նախագահական ընտրություններում թուրք ժողովուրդը որ թեկնածուին էլ ընտրի, մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ»,- ասվում է հայտարարության մեջ: Թուրքական մամուլը ԱՄՆ պետքարտուղարության այս հայտարարությունը բնութագրել է որպես Վաշինգտոնի կողմից Էրդողանի թեկնածությանը չաջակցելու ակնարկ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրել է Էրդողանի թեկնածությունը: Ընդդիմության միասնական թեկնածուն ,Իսլամական կոնֆերանս կազմակերպությանե նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն է: Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: