Վերլուծական

Ուկրաինական հակամարտությունն ազդում է նաեւ Հայաստանի վրա

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վաղը Աստանայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամրջին մասնակցող փորձագետները քննարկել են անվտանգության արդիական մարտահրավերները հետխորհրդային տարածքում: Քննարկումների զգալի մասը ընթացել է Ուկրաինայում առկա վիճակի շուրջ:

 Ուկրաինայում շարունակվող փաստացի քաղաքացիական պատերազմը սպառնում է ոչ միայն այդ երկրի, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքի երկրների շահերին: Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անցկացվող խորհրդատվությունները  փխրուն հույսեր են ներշնչում խաղաղության վերականգման հնարավորության շուրջ: Այս գործում ԱՊՀ հովանու ներքո  խաղաղապահ ուժերի օգտագործման վերաբերյալ թերահավատ է Ռուսաստանում հրատարակվող «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը։ «Անկեղծ ասաց, ես միշտ հոռետես եմ տրամադրված եղել ԱՊՀ հանդեպ այդ կառույցի ստեղծման օրվանից: Թեպետ 90-ականներին իրականացվել են մի շարք խաղաղապահ առաքելություններ Տաջիկստանում, Հարավային Օսիայում, Աբխազիայում և Մերձդնեստրում, այսօր իրավիճակը սկզբունքորեն այլ է»,- ասում է նա։

Ըստ ռուսաստանցի քաղաքագետի՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև այսօր ընթացող աշխարհաքաղաքական թեժ պայքարի պայմաններում ԱՊՀ մասնակցությունը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով անդամ երկրների պասիվ կեցվածքը։ Ուկրաինայի իշխանությունները իրականում պատերազմում են ոչ թե աշխարհազորայինների այլ խաղաղ բնակչության դեմ՝ կիրառելով ռազմական ավիացիայի և հրետանու հզոր ներուժը, համոզված է հայտնեց  ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։ «Առկա պայմաններում, կարծում եմ, կիևյան իշխանություններին պետք է ներկայացվի վերջնագիր՝  Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններից զորքերի անհապաղ դուրսբերման վերաբերյալ:Ամենայն հավանականությամբ՝ այդ պահանջը կմերժվի և այդ ժամանակ միջազգային հանրությունը պետք է առաջարկի խաղապահ առաքելություն՝ ԱՊՀ և ԵՄ համատեղ մասնակցությամբ՝ կողմերին հարկադրաբար բաժանելու նպատակով»։

Ըստ Եվսեևի՝ հակառակ դեպքում՝ անհնար է հասնել ամուր և երկարատև խաղաղության և կայունության: Ռուսաստանի միայնակ մասնակցությունը բացառվում է, քանի որ այն ընկալվում է որպես զավթիչ: Քաղաքագետը նկատեց, որ միայն Հայաստանն է այսօր աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։

Իսկ ահա ղազախստանցի քաղաքագետ, պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Ֆեդոսեևը կտրականապես մերժում է վերջնագրերի լեզուն և օտար ուժերի մասնակցությունը այս կամ այն ձևաչափով։ «Եթե Ուկրաինայի առաջնորդը ցուցաբերի իմասստություն, ապա պետք է կասեցնի արյունոտ պատերազմն իր պետության ներսում: Դա ներքին քաղաքականության հարց է, և նախագահը պետք է գիտակցի, որ նա երկրի ցմահ ղեկավար չէ»։

Ուկրաինայում ընթացող իրադարձությունները ազդում են Հայաստանի վրա: Այդ երկրում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է շուրջ 300 հազար հայ: Դրանց մի մասը մասնակցում է պատերազմին երկու ճամբարներում էլ՝ և իշխանական, և աշխարհազորային, նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Զոհվածների թվում արդեն կան էթնիկ հայեր, ովքեր աջակցում են թե իշխանություններին, թե ընդդիմադիրներին: Ներկա կառավարության անդամներից մեկը հայ է, կան նաև ամբողջ հայկական համայնքներ,օրինակ՝ Ղրիմում, որոնք  միանշանակ հակամառտության հակառակ կողմում են»։

Ըստ հայ քաղաքագետի՝ Ուկրաինան կարևոր առևտրային գործընկեր է Հարավային Կովկասի երկրների համար, ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ տրանսպորտային բեռնափոխադրումների առումով: Ուկրաինական անկայունությունը կրելու է երկարատև բնույթ և առկա ճգնաժամը միայն ռազմական ճանապարհով կարգավորելը անհնար է: Այդ երկրի նաև տնտեսական աղետը կարող է էլ ավելի ծանր գլոբալ հետևանքներ ունենա, հավելեց փորձագետը։

Back to top button