

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում իր ավիածառայություններն է սկսում մատուցել նոր օպերատոր: Արաբական «Էթիհադ էյրվեյզե»- ն այսօր առավոտյան իր առաջին թռիչքն է կազմակերպել Աբու Դաբի-Երեւան ուղղությամբ: Շաբաթական 4 անգամ իրականացվելիք չվերթերով, ըստ գնահատումների, նախատեսվում է շաբաթական ուղեւորափոխադրումների ծավալը հասցնել 1088-ի: Արաբական խոշոր ազգային ավիափոխադրողը խոստանում է ապահովել մատչելի սակագներ ու հայերի համար ամենացանկալի ուղղություններով չվերթերի իրականացում, իսկ Հայաստանում սպասում են «բաց երկնքի քաղաքականության» նոր արդյունքներին։
Վիճակագրությունը փաստում է` Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև աճում են ոչ միայն ապրանքաշրջանառությունը, այլեւ զբոսաշրջության ծավալները: ԱՄԷ-ն արդեն Հայաստանի համար արտաքին առեւտրի ամենակարեւոր գործընկերների շարքում է: Ընդ որում` հետաքրքրությունը երկկողմ է: Արաբական «Էթիհադ էյրվեյզ» ազգային ավիաընկերությունը երկար է ուսումնասիրել հայաստանյան զարգացող շուկան: Ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն այսօր Երեւանում պարզաբանեց` Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ իրենք սկսում են երկկողմ չվերթեր իրականացնել:
Աշխարհում ամենաարագը զարգացողի համբավ ձեռք բերած խոշոր օպերատորը գնահատումներ է կատարել ու գոհ մնացել ընտրությունից: Հայ ուղեւորներին իրենք առաջարկում են ոչ միայն թռիչքներ դեպի Պարսից ծոց, այլեւ այնտեղից անկանգառ չվերթեր դեպի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես, Չիկագո, Վաշինգտոն, Նյու Յորք, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա: «Ակնկալում ենք, որ նոր գործակցությունը նաեւ սակագների նվազման նոր հնարավորություններ կընձեռի: Նոր ուղղությունն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդեն կայացած առևտրային և զբոսաշրջային կապերը: Լինելով Աբու Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար: Երեւանն ու Աբու Դաբին միշտ էլ ճանապարհային կարեւոր հանգույցներ են եղել»,- ասում ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահը։
Արաբական «Էթիհադ էյրվեյզ» ավիաընկերության մուտքը, ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի, թույլ է տալիս ակնկալել, որ նախ ավիատոմսերի գներն առավել մրցունակ կդառնան, ապա նաեւ առավել հեշտ հասանելի կլինեն առեւտրային, ֆինանսական, զբոսաշրջային գլոբալ կենտրոնները: Նոր օպերատորի հայտնվելը Հայաստանում բացատրում են ոչ միայն երկկողմ զարգացած կապերով, այլեւ որդեգրված «բաց երկնքի քաղաքականությամբ»: Արման Խաչատուրյանի դիտարկմամբ` ավիափոխադրումների շուկայում նախկինում գործող սահմանափակումների վերացման արդյունքներն արդեն տեսանելի են։
Կրկին վիճակագրական տվյալներ: Եթե 2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր չվերթեր իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ` ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց չվերթերի հաճախականությունը բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: Այս տարվա առաջին 6 ամիսներին 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Չվերթերի թիվն աճել է 42 տոկոսով: Այս տարի կատարվել է շուրջ 2000 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 1400-ի դիմաց: