Քաղաքական

Ալիեւին հարցեր չուղղելու քաղաքականությունը ճիշտ էր, պնդում են ԵԽԽՎ- ի հայ պատվիրակները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայ պատգամավորները վերադարձել են Ստրասբուրգից, որտեղ չորսուկես օր մասնակցել են ԵԽԽՎ աշխատանքներին: Այս անգամ մեր պատվիրակների աշխատանքը բարդ էր, քանի որ պետք է հակազդեին նախ`ԵԽԽՎ-ում ադրբեջանական նախագահությանը, երկրորդը` ինչ- որ չափով մեր պատվիրակությունը նոր էր` նոր ղեկավարով: Եթե հենց Հայաստանում դժգոհությունները մեր պատվիրակներից շատ էին, ապա հենց պատվիրակության անդամները համոզված են. թե պատվիրակությունն է ամենափորձառուն, թե աշխատանքներն են հաջողված: Ու չնայած սրան` այսպես ասած, «հաշվետու ասուլիսին» ներկայացել էին բացառապես հանրապետական պատգամավորներով` պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Ամեն դեպքում՝ նրանք բոլորը գոհ էին Ստրասբուրգում նաեւ ընդդիմադիր գործընկերների հետ միահամուռ աշխատանքից:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն ամառային նստաշրջանից հետո խիստ քննադատության արժանացան` Ալիեւին որեւէ հարց չուղղելու եւ դրա փոխարեն գոնե դահլիճը ցուցադրաբար չլքելու համար: Այսպես ասենք, «լռության քաղաքականությունը» պատվիրակները հաջողված են համարում, նույնսիկ եթե այդ «լռության քաղաքականությունը» վերաբերում է նաեւ Աստանային, երբ անպատասխան մնաց նաեւ Ալիեւի նամակի ընթերցումը։ «Եւս մեկ անգամ ու վերջին անգամ ասում եմ. փորձեք գործերով գնահատել, ոչ թե` խոսքերով: Թե Աստանայում, թե Ստրասբուրգում, թե մեկ այլ տեղ»,- ասում է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Կոնկրետ Ստրասբուրգում «լռության քաղաքականությունը» հաջողված է համարում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը։ Չնայած նշում է` դա պահի որոշում էր եւ չի նշանակում, թե ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության 6 ամիսվա ընթացքում հայերն այդպես էլ լռելու են: Այս անգամվա լռությունը նախապես համաձայնեցված է եղել բոլորի հետ` նպատակ ունենալով Եվրախորհուրդ-Ադրբեջան բանավեճը կրկին չվերածել հայ-ադրբեջանական բանավեճի:

Ի՞նչ ստացվեց արդյունքում։ «Հարցեր չհնչեցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ դա Ալիեւի համար կլիներ փրկօղակ` թեմայից շեղվելու եւ Ադրբեջանի խնդիրներից չխոսելու համար: Այն ամբողջ բացասական ագրեսիան եւ ցինիզմը, որը նա պատրաստել էր հնչեցնելու ի պատասխան մեր հարցերին, հնչեցրեց եվրոպացի պատվիրակների հարցերին, ինչով եւ շատ բացասական կարծիք ստեղծվեց մեր հարեւան երկրի նախագահի հանդեպ»,- ասում է Նաիրա Կարապետյանը։

Ադրբեջանի վրա եվրոպացիների, այսպես ասենք, աչքերը բացելու գործում հայերին մեծ անելիք պետք չէ: Ամեն ինչ անում են հենց ադրբեջանցիները` հատկապես, երբ համեմատության հնարավորություն կա. մեկ տարի առաջ 6 ամսով ԵԽԽՎ-ում նախագահել է նաեւ Հայաստանը։ «Գոյություն ունեն չգրված կանոններ, որոնք Ադրբեջանի նախագահության դեպքում բավականին էականորեն խախտվեցին: Դրան հաջորդեց ԵԽԽՎ Բյուրոյի անդամ, ԵԽԽՎ նախագահի տեղակալ Ռենե Րուքեին մուտքի արգելքը` Բաքվում կայացող Բյուրոյի նիստին մասնակցելու համար: Դրան հաջորդեց Ալիեւի ցինիկ պահվածքը այս նստաշրջանի ընթացքում, դրան ավելացվեց այն, որ չընդունված վարքագիծ է, երբ նախագահող երկիրը փորձում է նախագահությունն օգտագործել  իր անձնական խնդիրները եւ նպատակները առաջ մղելու համար: Եվ այս բոլորը եվրոպացի պատվիրակների կողմից եւ նկատվեց, եւ գնահատվեց, եւ մենք էլ մեր հետագա աշխատանքների մեջ մեր կոլեգաների հետ զարգացնելու ենք այս թեզը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։

Հակառակ սրան՝ Հայաստանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից  զրկելու բանաձեւի առաջարկը ոչ թե կասեցվել է, այլ տեղափոխվել հաջորդ նստաշրջան, թեեւ Հերմինե Նաղդալյանի ներկայացմամբ, այս փաստաթղթին Ստրասբուրգում լուրջ չեն վերաբերվում եւ այն հեռանկար չունի։ «Որեւէ իրավական հիմք, որեւէ արգումենտացիա նման բանաձեւի համար գոյություն չունի: Պարզապես մրոտված, գրոտված թղթի տպավորություն է թողնում»։

Ադրբեջանի պատվիրակն իր բանաձեւի առաջարկի մեջ համեմատականներ է անցկացրել Ռուսաստանի հետ, երբ Ղրիմի դեպքերից հետո ռուս պատվիրակներին զրկեցին ձայնի իրավունքից: Հայաստանի դեպքում նմանատիպ համեմատականը անլուրջ է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդին են անդամակցել 2001 թվականին, 94 թվականի հրադարարից 7 տարի անց եւ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ որպես անդամակցելու նախապայման պարտավորություններ ստանձնել են թե Հայաստանը, թե Ադրբեջանը։

Back to top button