Պետական աջակցության դեպքում սրտանոթային հիվանդությունների ցուցանիշը կնվազի. սրտաբան


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մոսկվայի Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրագրողների մասնակցությամբ կատարում է սիրտը սնուցող զարկերակների ստենտավորում: Հիվանդը, ով այդ պահին ենթարկվում էր վիրահատութության ավելի քան 10 տարի ուներ սրտանոթային խնդիրներ: Կորոնագրաֆիան սիրտը սնուցող անոթների՝ զարկերակների հետազոտման եղանակ է, որը ցույց է տալիս զարկերակների վիճակը, մասնավորապես, զարկերակների նեղացման աստիճանը: Եթե նեղացում կա, ապա ստենտավորում է կատարվում:Ստենտը, ինչպես բացատրեց բժիշկը, մետաղական ցանց է, որը ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է դեպի անոթի խցանված մասը, տեղադրվում է զարկերակի մեջ, այնուհետեւ լայնացվում է: հետազոտություն արդյուքնում պարզվեց ,որ հիվանդի սիրտը սնուցող անոթներից մեկը նեղացած է և խանգարում է հիվանդին լիարժեք կյանքով ապրելու:
«Կատարվեց այդ անոթի ստենտավորում, որը թույլ տվեց սրտի այդ հատվածին ստանալ լիարժեք արյուն: Ահա վերջնական պատկերը վիրահատությունից հետո՝ անոթը լրիվ բացված է, նեղացած հատվածը այլևս գոյություն չունի: Այսպիսով, հիվանդի մոտ կանխվեց հնարավոր ինֆարկտը: Ստենտավորումից հետո հիվանդը վաղն արդեն կարող է տուն գնալ»,- ասաց Բ.Ալեքյանը:
Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այն կրում է ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունը: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կատարել ներանոթային միջամտություններ` անգիոգրաֆիա, ստենտավորում՝ ո՛չ միայն սրտի, այլև մնացած բոլոր օրգանների անոթների: Ակադեմիկոս նշեց, որ տարեկան 2-3 անգամ այցելում է Հայաստան, ծանոթ է խնդիրներին: Նրա գնահատմամբ` վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու այն բժշկական ծառայություններից, ինչ արտերկրում: Նրա խոսքերով` այսօր 1 մլն բնակչություն ունեցող Երևանում իշեմիկ հիվանդության դեպքում կատարվում է 3000-ից ավելի ստենտավորում, ինչը, ըստ նրա, դրական ցուցանիշ է:
Ըստ վիճակագրական տվյալների` սրտանոթային հիվանդությունների մահացության ցուցանիշներով առաջին տեղում է Ուստի, ակադեմիկոսի խոսքերով, այս խնդիրներին պետք է լուրջ ուշադրություն դարձնել և պետական մոտեցում ցուցաբերել.«Մենք պետք է աշխատենք Հայաստանի համար ստեղծել այնպիսի մի ծրագիր, որպեսզի այս վիրահատությունները իրականացվեն պետական պատվերի շրջանակներում ու եթե պետական մոտեցում ցուցաբերվի, ապա մեծ արդյունքներ կգրանցվեն: Մահացությունը 20 տոկոսից կկրճատվի՝ հասնելով 5 տոկոսի»: