Քաղաքական

Ընդդիմությունն իր աշխատանքը դեռ չի կատարել. Արմեն Մարտիրոսյան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Շաբաթ օրը տեղի ունեցած համագումարը ցրել է բոլոր ստահոդ լուրերը, որոնք տարածվում էին «Ժառանգություն» կուսակցղության մասին, այսօր հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` ապացուցվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հեռանում կուսակցությունից, պատերազմական մթնոլորտ կուսակիցների միջեւ գոյություն չունի, կուսակցությունը չի դառնում խիստ ռուսամետ եւ այլն: Ժառանգության փոխնախագահը հաստատեց, որ արտաքին դիրքորոշումներում կուսակցության մեջ ոչինչ չի փոխվում եւ նպատակները մնում են նույնը:

Ժամանակն է, որ խորհրդարանական քառյակի համագործակցությունը դուրս գա Աժ-ի պատերից եւ ավելի անդլայնվի, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ արդյոք այդ ընդլայնված համագործակցության ժամանակ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խոսքը կարող եք օգտագործել, ձեր մտքին եկած ցանկացած նախկին ու ներկա քաղաքական գործչի հետ կարող եք ինչ որ համագործակցության եզրեր տեսնել, որովհետեւ ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ մյուսների հետ կապված որեւէ օրակարգային հարց գոյություն չունի: Փորձում են քառյակին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, նույն ձեւի Ռոբերտ Քոչարյանին կարելի է ավելի շատ որպես Հանրապետական տեսնել, որովհետեւ հենց ինքն ասաց, 2007 թվականի ընտրությունների ցուցակները Հանրապետականի անձամբ իր հետ են ճշտվել մեկ առ մեկ: Այնպես որ կեղծ թիրախների հետեւից չարժե ընկնել»:

Թեեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության կազմից դուրս են եկել Ստյոպա Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ով նաեւ այլեւս կուսակցության մամուլի քարտուղարը չէ, միաժամանակ կուսակցության ամենավառ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե քառյակ գոյություն չունի, բայց Արմեն Մարտիրոսյանը պնդում է. կուսակցության անդամների մեջ գոյություն չունի պատերազմական կամ պառակտման մթնոլորտ:

«Դուք երեւի նկատի ունեք Զարուհի Փոստանջյանի ասածը Միացյալ Նահանգներից: Եթե մենք առանձին բառերի հետեւից գնանք, նմանատիպ տպավորություն, իհարկե, կա: Բայց, կարծում եմ, ճիշտ կլինի ընդհանուր խոսքի տրամաբանությանը հետեւենք, իսկ այնտեղ կարմիր թելով գնում էր այն միտքը, որ Զարուհի Փոստանջյանը եւս այն պատկերացումն ունի, որ խորհրդարանի պատերևաից այդ համագործակցությունը պետք է դուրս գա եւ ավելի մեծ համագործակցություն լինելով բերի արմատական իշխանափոխության»:

Ու չնայած այս վերջին ակնարկին կամ նպատակին, ոչ իշխանական խորհրդարանական քառյակի 12 կետանոց առաջարկներում կոնկրետ այս պահանջը ներառված չէ: Իրենց դիրքորոշումներով հայտնի այդ չորս կուսակցությունից թե որ էր կամ որոնք չէին համաձայնվել, Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց պարզաբանել այդ կոնսուլտացիաների մանրամասները, միայն նշելով, որ քննարկման համար արգելված հարցեր գոյություն չունեն: Ի դեպ` Ժառանգության փոխնխագահաը նշեց, որ խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը եւ ընդունվող որոշումները համաձայեցված են կուսակցության հետ, քանի որ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը որպես կուսակցական` առանձին չի գործում: Ժառանգության փոխնախագահը համոզված է, որ մինչեւ աշուն քառյակի ներկայացրած 12 կետերը իշխանությունը կյանքի չի կոչելու: Որոշ առումով նաեւ խնդիր է համարում ընդդիմության պայքարի ժամկետների փոփոխությունը` աշունից ձմեռ, ձմեռից աշուն:

«Քանի դեռ ընդդիմնությունը չի միավորվել, քանի դեռ բոլորս միասին իշխանափոխություն չենք իրականացրել, դուք ամբողջովին ճիշտ եք ձեր քննադատության մեջ եւ ընդդիմությունը, պարզ է, որ իր աշխատանքը դեռ չի կատարել: Հասարակությունը միայն միասնական հարթակի դեպքում ակտիվ կմասնակցի, առանձին ուժերի դեպքում երբեւիցե չի մասնակցի, ինչպես եւ տեսանք երեկ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված գործընթացում: Ես ցավում եմ, որ երեկ այդքան սակավամարդ էր բողոքի ակցիան, բայց նաեւ գիտեմ ակունքը որն է: Մեր հասարակությունը միասնություն է ուզում տեսնել հարթակում»:

Back to top button