Էլեկտրականության թանկացման որոշումը քաղաքական է, ասում է ԱԺ քառյակը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը մոտ մեկ շաբաթ առաջ համատեղ հայտարարությամբ անդրադարձել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմային, այսօր համատեղ ասուլիսով արձագանքել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշմանը։ Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 4 դրամով բարձրացնելու որոշումը, ըստ քառյակի, քաղաքական էր, իսկ փաստարկները, որոնցով 4 ուժերը հիմնավորում են բարձրացման անընդունելիությունը և քաղաքական են, և ֆինանսական: Քառյակը համոզված է, որ թանկացումը բացառելու ռեզերվներ կան, ու սրանում փորձելու է համոզել նաև իշխանությանը:
Խորհրդարանական 4 ուժերի ներկայացուցիչները երեկ մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, ներկայացրել են իրենց հակափաստարկները, դրանք սակայն, որևէ կերպ չեն ազդել հանձնաժողովի դիրքորոշման վրա: Մինչդեռ, ինչպես ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը վստահեցրեց, ոչ իշխանական ուժերն այլընտրանքային առաջարկներ ունեն։ Դրանց ընդունումը , կարծում են, թույլ կտա հրաժարվել սակագնի բարձրացումից։
«Եթե էսպես շարունակվի, այդ ճեղքվածքն անընդհանտ լինելու է և սակագինն էլ անընդհատ բարձրանալու է: Համակարգում պետք է ֆինանսական կարգ ու կանոն հաստատվի, ֆինանսական առողջացման ծրագիր իրականացվի արտադրող կայանների և ՀԷՑ-ի արտադրահարաբերությունների միջ: Այդ քայլերը ոչ միայն մասնագիտական դաշտում են, այլ նաև՝ քաղաքական: Երեկ մենք տեսանք, որ որոշումը միայն քաղաքական էր»,- ասում է Մելքումյանը։
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը նույնպես համոզված է, որ որոշումը քաղաքական էր: Իսկ հակափաստարկները, որ ներկայացնում են քառյակի ուժերը, և քաղաքական են, և ֆինանսական: Արամ Մանուկյանը կարծում է , որ սակագինը չբարձրացնելու ռեզերվները մի քանի դաշտում են՝ ընկերությունների շահույթի սահմանված շեմը, համակարգում կորուստների չափը, աշխատավարձերի ֆոնդերն ու աշխատողների քանակը վերանայելու մեջ: Իսկ ամենալուրջ մտահոգությունը, ըստ պատգամավորի, վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաքելությանը։ «Ռոբերտ Նազարյանի հիմնարկի առաքելությունն այն է, որ համապատասխանեցնի տասնյակ հազարավոր դոլար աշախտավարձ ու 13 տոկոսից ավելի շահույթ ունեցող ընկերության հայտը բնակչության հնարավորությունների հետ: Այսինքն, հանրային հանձնաժողովի դերը պետք է ոչ թվերը, այլ քաղականությունը կարգավորելը լինի: Սա անկախ մարմին չէ»։
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ էլ՝ էներգետիկ համակարգը կարող էր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը դառնալ, մինչդեռ տնտեսեության ամենամեծ խնդիրն է դարձել: Ապացույցը նաև Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելու հանգամանքն է: Ռուստամյանը նույնպես լուրջ մտահոգություն ունի նաև հանձնաժողովի առաքելության ու դերակատարման վերաբեյալ: Պատգամավորի ձևակերպմամբ ՝ այս կառույցն իր դերի մեջ չէ, ու սա ոչ միայն օրենսդրական կարգավորման, այլ նաև ՍԴ դիմելու առիթ է։ «Միշտ սպառողի շահը ստորադասվել է տնտսվարողի շահին, հատկապես երբ այդ տնտեսվարողը մենաշնորհային դիրք ունի: Կարգավորման մեծ բաց կա, ու սա նաև ՍԴ դիմելու հիմք է: Օրենքը պետք է հստակ սահմանի հասարակության շահի գերակայությունը, ինչպես սահմանում է Սահմանդրությունը: Այս հանձնաժողովն այդ գերակայությամբ չի առաջնորդվում»։
Թե որոնք են լինելու ոչ իշխանական քառյակի առաջիկ քայլերը, առայժմ պարզ չէ։ Պատասխանելով այս հարցին ՝ Արամ Մանուկյանը նշեց, որ որոշում առայժմ չունեն, ի տարբերություն մեծ համոզվածության, որ սակագնի բարձրացման որոշումից դեռ հնարավոր է հրաժարվել: Քառյակի խնդիրն այս փուլում, ըստ պատգամավորի, իշխանություններին համոզելն է։ «Միգուցե անհույս լավատեսություն է, բայց մենք կփորձենք»։