ԿարևորՔաղաքական

Դավութօղլուի կշեռքը սխալ է, Երեւանում ասել է թուրք մտավորականը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ցեղասպանությունը միայն ապրող ժողովրդին վերացնելը չէ, այլ նրան սերունդների, մշակույթի, սովորույթների, քաղաքների ու գյուղերի ոչնչացումն է, ինչը և տեղի է ունեցել Թուրքիայում»,- այսօր ասել է թուրք հայտնի մտավորական Ռագըպ Զարաքօլուն, ով Երևանում է «Վան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գրքի թուրքերեն հրատարակության և երևանյան շնորհանդեսի առիթով: Ռագըպ Զարաքօլուի հրատակությամբ գիրքն անցյալ շաբաթ լույս է տեսել Թուրքիայում: 

«Վան» հասարակական կազմակերպությունը 2012 թվականին հրատարակեց «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատորյակը, ուր տեղ են գտել Հայաստանի ազգային արխիվում պահպանվող   Արևմտյան Հայաստանի մի շարք նահանգների  ցեղասպանությունից վերապրածների մոտ  600 վկայություններ: Որոշ կրճատումներով 2013 թվականին այն լույս տեսավ նաև անգլերենով:

MHM89041 copyԳյուլբենկյան հաստատության օժանդակությամբ գիրքը թարգմանվել է թուրքերեն ու  անցյալ շաբաթ լույս  տեսավ  նաև Թուրքիայում՝ թուրք հայտնի մտավորական Ռագըբ  Զարաքօլուի հրատարակչությամբ: Գրքի շնորհանդեսի առիթով Զարաքօլուն Երևանում է։ «Այս գրքի բովանդակությունը ինձ շատ հուզեց, որովհետև, ինչպես ասաում են, տաք տաք, այսինքն ցեղասպանությունից անմիջապես հետո՝ 1916 թվականին արված հարցազրույցներ են: Սա շատ կարևոր փաստաթուղթ է Թուրքիայի մերժողականության դեմ»,- ասում է նա։

«Մերժողականությունն այդպիսի բան է.  մի անգամ ստում ես, մերժում ու  ստիպված ես դա անել շարունակաբար: Դա Թուրքիայի քաղաքականությունն է, որի դեմ ես պայքարում եմ երկար տարիներ»,- նշում է թուրք մտավորականը։ Իր գործունեության համար Զարաքօլուն և նրա կինը  դատապարտվել են Թուրքիայում:  Նրա ղեկավարած հրատարակչությունը տպագրել է բազմաթիվ գրքեր նվիրված  Հայոց ցեղասպանությանը, այդ թվում՝  Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունն ու  հավաքական հիշողություն» գիրքը թուրքերենով,  Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանությունը եռյակ դաշինքի  պետական արխիվային վավերագրերում» ծավալուն աշխատությունը, Փիթեր Բալաքյանի  «Ճակատագրի սև շունը» և այլ գրքեր։

2008 թվականին թուրքական դատարանը Զարաքօլուին ազատազրկման էր դատապարտել  Ջորջ Ջերջյանի  ՝ ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը  թուրքերեն տպագրելու համար: Զարաքօլուի հրատարակչությամբ լույս տեսած հայանպասստ նոր գիրքը ևս համալրելու է Թուրքիայում արգելված գրականության հարուստ ցանկը, բայց «փառք Աստծո, որ գոյություն ունի համացանց և այն կհասնի ընթերցողներին»,- ասում է թուրք մտավորականը: Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայում շատ բան է փոխվել վերջին տարիներին, մարդիկ հոգնել են անընդհատ մատուցվող կեղծիքից, նրանք ցանկանում են իմանալ ճշմարտությունը։

Օրերս հրապարակված մի հոդվածում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել էր, թե 1915 թվականի իրադարձությունների շուրջ  «անարդար հիշողություն» է հաստատվել: Իր հոդվածում նա էլ, կարծեք, ամրագրում է թուրքական այն հայտնի տեսակետը, թե պատերազմի տարիներին տուժել են երկու ժողովուրդները, ուստի պետք է սգալ ոչ միայն հայ, այլև թուրք ժողորդի կուրուստները: Այս առնչությամբ «Ռադիոլուրտ» հարցին ի պատասխան Ռագըպ Զարքօլուն ասում է. «Դավութօղլուի կշեռքը շատ սխալ է կշռում… Եթե նայենք 1915 թվականից մինչ օրս ինչ ունենք իրականում՝ կհասկանանք դա: Արևմյան Հայաստանում ապրող 2 միլիոն հայ այլևս այնտեղ չի ապրում: Եթե ցեղասպանություն տեղի չունենար այսօր 8-10 միլիոն հայ կապրեր Արևմտյան Հյաստանում»։

Back to top button