Վերլուծական

Արեւմուտքը պետք է վերանայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Քեսաբի դեպքերի հետևանքով այնտեղից Հայաստան են տեղափոխվել 30-40 հայ ընտանիք: Ըստ Հանրային խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի անդամ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի՝ դրանց մեծ մասը Քեսաբի ազատագրումից հետո արդեն վերադարձել է բնակավայր։ Ըստ Մանասյանի՝ Հայաստանում վերջերս հաստատված սիրիահայերը ևս տրամադրված են վերադառնալ Սիրիա՝ այդ երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորումից հետո:

Քեսաբի ազատագրումից հետո կյանքը վերադառնում է բնականոն հուն, նշում է Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գրոհայինների գործողությունների հետեւանքով տուժել է նաեւ Քեսաբում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը, որը, սակայն, վերականգնել իր հոգևոր գործունեությունը։

Թեպետ թուրք-սիրիական սահմանը այսօր լիովին վերահսկվում է սիրիական զորքերի կողմից և անվտանգությունը ապահովված է, այնուամենայնիվ՝ վտանգը պահպանվում է, շեշտեց Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Սիրիայի գործող նախագահ Ասադի հաղթանակը նախագահական ընտրություններում և սիրիական բանակի հաջողությունները ռազմի դաշտում նպաստում են այդ երկրում իրավիճակի կարգավորմանը: Սակայն զուգահեռաբար տարածաշրջանում ձևավորվում են երկու նոր պետական միավորումներ: Սիրիայի և Իրաքի որոշակի տարածքներում օրերս մահմեդական ծայրահեղականները հռչակել են Իսլամական խալիֆաթ, իսկ Իրաքի հյուսիսում ապրող քրդերը մտադիր են անկախանալ և ստեղծել Քուրդիստան պետությունը: Ըստ Սաֆրաստյանի՝ խալիֆաթը իրականում ահաբեկչական պետություն է, որը գործում է իսլամի դրոշի ներքո և միավորել է սունի մահմեդականներին։

Եթե խալիֆաթի գոյությունը մտահոգում է արևելագետին, ապա Քուրդիստանի պարագայում հեռանկարներն ավելի լավատեսական են։ Ըստ Սաֆրաստյանի՝ Քուրդիստանի ստեղծումը սպասելի և անխուսափելի քայլ է։ Արևելագետը նշեց, որ եթե Քուրդիստանը ստեղծվի նաև Արևելյան Հայաստանի տարածքներում, ապա այն խնդիրներ կառաջանի մեր շահերի համար: Այսօր ավելի հավանական է Հյուսիսային Իրաքում դրա հռչակման հնարավորությունը։

Ամեն դեպքում՝ Արևմուտքը պետք է վերանայի իր վերաբերմունքը մերձավորարևելյան տարածաշրջանի նկատմամբ, հակառակ դեպքում՝ անկայունությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Back to top button