Հասարակություն

Այս ուսումնական տարում բողոքների արդյունքում 3 տնօրեն ստացել է նկատողություն, 1-ը՝ հեռացվել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ամփոփելով 2013-2014 ուսումնական տարին, ներկայացրել է հանրակրթության վարչության կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Գայանե Սողոմոնյանը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թեժ գծով ստացված զանգերի թիվը պակասել է: Հանրակրթության վարչության պետն անդրադարձել է, մասնավորապես, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների և սիրիահայ երեխաների կրթության կազմակերպմանը: Գայանե Սողոմոնյանը խոսել է նաև ամառային ճամբարներից, որոնք կազմակերպվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

Ավարտվեց 2013- 2014 ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի թեժ գծին վերջին ուսումնական տարվա ընթացքում զանգերն անհամեմատ պակասել են և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը սա պայմանավորում է քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքով: Նրա տեղեկացմամբ՝ անարձագանք չի մնացել և ոչ մի զանգ: 2013-14 ուսումնական տարում քաղաքապետարանի թեժ գծով 90 բողոք վերաբերել է մանկապարեզներին, 85-ը դպրոցներին: Հետևողական ուսումնասիրության ընթացքում թվով 3 տնօրեն ստացել է խիստ նկատողություն, մեկը հեռացվել է աշխատանքից:

Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում 12-րդ դասարանն ավարտեցին 431 շրջանավարտներ, ատեստավորվեցին 1190 ուսուցիչներ, ամփոփելով ուսումնական տարին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև սիրիահայ աշակերտները և քաղաքապետարանի ենթակայության 84 դպրոցներում արդեն անցած ուսումնական տարում սովորել են 462 սիրիահայ աշակերտներ: Նախադպրոցական հաստատություններում և մանկապարտեզներում ևս առաջնահերթությունը տրված է սիրիահայ երեխաներին։

Մեծ ուշադրություն է հատկացվում ներառական կրթությանը նաև մանկապարտեզներում: Երևանում նման կենտրոնները 6-ն են։ Կրթության արդյունավետ կազմակերպման գործում կարևոր նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց: Գայանե Սողոմոնյանի հավաստիացմամբ` մայրաքաղաքի դպրոցներում այդ խնդիրը լուծված է: Ուսումնական տարին ավարտվելով՝ մի նոր աշխատանքի սկիզբ դրվեց: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ ամառային հանգիստն ուղեկցվում է կրթական, մշակութային, մարզական դաստիարակությամբ: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները իրենց ամառային հանգիստը կանցկացվեն Ծաղկաձորի և Հանքավանի 4 ճամբարներում: Նախորդ տարվա համեմատ՝ ծրագրի շահառուների թիվն այս տարի 100-ով ավելացել է: Այն երեխաները, ովքեր ճամբարներում ընդգրկվելու հնարավորություն չեն ունեցել, նրանց համար ամառային ճամբարներ կկազմակերպվեն նաև բակերում:

Back to top button