Տնտեսական

ԱՄԷ- ում հայ գործարարության ներկայացուցիչը կլինի ամենաազդեցիկ արաբ կանանցից մեկը՝ Յասմինա Ազհարին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում է Յասմինա Ազհարին, ով, ըստ «Forbes» ամսագրի, 2006 եւ 2008 թվականներին եղել է արաբական աշխարհի 50 ամենաազդեցիկ գործարարներից մեկը: «Սա կին գործարարի հաջողության բացառիկ դեպք է արաբական երկրներում»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է անձամբ Յասմինան: Կին գործարարը մեր երկրում է` նախ ստանալու իր հավաստագիրը Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ լիազորվելու կապակցությամբ, ապա նաեւ` հայ գործարարների հետ հանդիպումների ընթացքում գործակցության նոր հեռանկարներ բացահայտելու նպատակով։

Դուբայը հայերի համար մի քաղաք է, ուր այցելելը միաժամանակ եւ գործարար, եւ զբոսաշրջային նպատակ ունի: Հայ-արաբական գործարար կապերին ավելի լայն աշխարհագրություն ու նոր որակ հաղորդելու նպատակով Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը փնտրել ու գտել է Արաբական Միացյալ Էմիրություններում նոր ներկայացուցիչ: Յասմինա Ազհարին այն բացառիկ կանանցից է, ով հաջողել է արաբական երկրներում փայլուն բիզնես գործունեություն կազմակերպել, ղեկավարում է ծովային ու ցամաքային բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպություններ, սուպերմարկետներ:

2006 եւ 2008 թվականներին հանրահայտ «Forbes» ամսագրի կողմից արաբական աշխարհի 50 ամենաազդեցիկ գործարարներից մեկը ճանաչված բիզնես լեդին այս օրերին Հայաստանում հանդիպումներ է ունենում հայ գործարարների հետ: Այսօրվա հանդիպումը նախ հայ գործարար կանանց հետ էր: Կնոջ հետ գործ բռնել դժվարանում են ամենուր: Արաբական երկրներում այսօրինակ հարցերն ավելի են լրջանում, նկատում է Յասմինա Ազհարին, ապա պատասխանում իր սիրելի հարցին` որն է իր հաջողության բանաձեւը։ «Հաջողակ բիզնես լեդին ոչ միայն պետք է առաջ մղի իր բիզնեսը, եթե անգամ կանգնած է դրա գլխին, այլեւ զբաղվի հասարակական գործունեությամբ, անպայման մշտապես ներդրումներ կատարի իր բիզնեսում»։

Արաբ գործարարուհու հետ առեւտրաարդյունաբերական պալատի նոր գործակցությունը ենթադրում է գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացում: Դրանցից հերթականը սպասվում է այս նոյեմբերին Դուբայում: Հայ եւ արաբ գործարարները վերջին 4 տարիներին այս ձեւաչափով հանդիպել են նաեւ Լաթաքիայում, Հալեպում, Դուբայում: Յասմինա Ազհարին արդեն որպես Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ պատրաստ է հայ գործարարներին անձամբ աջակցել ֆինանսական, օրենսդրական խորհրդատվությամբ, խորհուրդ տալ, թե ինչպես կողմնորոշվել տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելիս: Դրա համար իրեն էլ դեռ ժամանակ է պետք` առանձնացնելու` որոնք են հայաստանյան տնտեսության առավել գրավիչ ճյուղերը։ «Պետք է հստակեցնենք` որոնք են խնդիրները, եւ ինչպես կարող ենք մենք դրանք լուծել եւ ինչ եղանակներով»,- ասում է։

Բացի առեւտրից` գործակցության ինչ նոր ոլորտներ են նախանշվում հայ-արաբական հարաբերություններում: Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նկատում է, որ տուրիզմը, գիտությունն ու բժշկությունը ամենադեմոկրատն են գործակցության առումով: Արաբ գործարարների համար, նրա դիտարկմամբ, Հայաստանում ամենագրավիչը, սակայն, կարող է լինել ոչ թե կոնկրետ այս կամ այն ոլորտը, այլ մարդկային ռեսուրսների բարենպաստ կլիման։

Back to top button