Հասարակություն

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ դատախազներ,

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին:

Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները և հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին:

Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել հանցավորությանը դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կկարողանաք արդյունավետ լուծել համակարգի առջև դրված բարդ ու դժվարին խնդիրները:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»:

Back to top button