Հասարակություն

ՄԱԿ- ի համակարգող. Կարևոր է աղետների կանխարգելումը հատկապես աղքատ և զարգացող երկրներում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» թեմայով քառօրյա միջազգային աշխատաժողովը մեկնարկեց այսօր Երևանում: Այն համատեղ կազմակերպել են արտակարգ տրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կենտրոնական Ասիայի ՄԱԿ-ի ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը: Աշխատաժողովին մասնակցում են  մոտ 40 մասնագետներ բազմաթիվ երկրներից:

Երևանյան տարածաշրջանային այս քառօրյա աշխատաժողովը կոչված է բարձրացնել մասնակիցների՝ աղետների ռիսկերի նվազեցման ուղղորդման և կառավարման վերաբերյալ տեղեկացվածությունը: Այս ոլորտում մեր երկրում իրականացվել է հսկայածավալ աշխատանք և մեր փորձը օգտակար կլինի այլ երկրների համար, նշեց արտակարգ Իրավիճակներինախարար Արմեն Երիցյանը։

Ըստ նախարարի՝ այս ոլորտը պահանջում է ինչպես տեղական ուժերի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հաշվի առնելով այդ կառույցի հեղինակությունը և ընդգրկումը։ Այս աշխատաժողովի նպատակներից է  Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՌՆ բնագավառում փորձի փոխանակում իրականացնել, քննարկել աշխատաժողովի մասնակից երկրների ընդհանուր խնդիրները: Ըստ Արմեն Երիցյանի՝ առկա է մեր երկրում ոլորտի հետագա զարգացման խնդիր։

Երևանյան հավաքի անցկացումը կարևորեց և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: «Կլիմայի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում երկրագնդի ազգաբնակչության վրա: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում մեծ ջանքեր են ուղղվել աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այս առումով կարևոր է աղետների կանխարգելումը հատկապես աղքատ և զարգացող երկրներում»,- ասաց նա։

Բացի քննարկումներից՝ աշխատաժողովի մասնակիցները կծանոթանան քաղաքների դիմակայունության գլոբալ քարոզարշավին, շինարարական գործիքներին, նյութերին, մոտեցումներին, թե ինչպես դրանք կարող են հարմարեցվել ու օգտագործվել աղետների նկատմամբ կայուն շինություններ կառուցման համար:  Հատկանշական է, որ հավաքի ընթացքում կմշակվեն աղետների դիմակայման աճի ծրագրեր ինչպես քաղաքների, այնպես էլ երկրների մակարդակով:

Back to top button