ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան. ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ էլ մնում է լարված, կրակոցների թիվն է ավելանում կամ պակասում (լրացված)

լրացվել է ժամը 18։01- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն կա՝ անդրադառնալով սահմանային լարվածությանն  ու հարցին, թե արդյո՞ք չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջամտության կարիքը, այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա դիտարկմամբ՝ հայկական բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել սահմանային լարվածության խնդիրը։ Այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է որևէ հայտարարությամբ արձագանքել իրավիճակին՝ ուշադրություն հրավիրելով հարցի վրա,  թե ում  կողմից են պարբերաբար արձանագրվում սահմանային խախտումները:

Պաշտպանության նախարարն այսօր  մասնակցել է Երևանում մեկնարկած միջազգային ռազմավարական ֆորումին, որի քննարկման թեման  ազգային  և տարածաշրջանային խաղաղապահ  ներուժի ինտեգրումն է   խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում։ Երկօրյա ֆորումին մասնակցում է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ   անդամ- պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու և այս կառույցի ռազմական  աջակցությունը ստանալու ընթացակարգերը հստակ են: Անդամ պետության համապատասխան գերատեսչությունը, գնահատաելով ներքին իրավիճակը, պատերազմական գործողությունների ծավալման հնարավորությունը, կարող է առաջարկ ներկայացնել երկրի նախագահին՝ դիմել ՀԱՊԿ ղեկավարությանը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, թե սահմանային այսօրվա  իրավիճակը  բավարար առիթ է կառույցին դիմելու համար։ «Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր խախտումների դեպքում հայկական բանակը չի կարողանալու արձագանքել, ապա էլ ինչո՞ւ է հարկավոր այդ բանակը: Հայկական բանակն  օրըստօրե ամրանում,  կատարելագործվում ու ավելի մարտունակ է դառնում  և այսօր ի վիճակի է ինքնուորույն լուծել այդ խնդիրները»։

Երկրագնդի վրա չկա հակամարտության մեկ այլ գոտի, որտեղ առանց երրորդ ուժի կողմերը կարողանան պահպանել հարաբերական հրադադարը: Այսօր մենք կարողանում ենք առանց այդ միջամտության պահպանել իրադրությունը՝ ուժերի ոչ թե քանակական, այլ որակական հավասրակշռության շնորհիվ, ասում է նախարարը։ «Այլ բան է, որ համապատասխան  հայտարարություն արվի: Նիկոլայ Բոդյուժայի (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. խմբ.) հետ հանդիպման ժամանակ իմ կողմից ասվել է, որ կառույցը հավասրակշռված մոտեցում ցուցաբերի ՝ ուշադրության դարձնելով այն փաստի վրա, թե որ կողմից են սահմանային խախտումներն արձանագրվում: Ի սկզբանե ասեմ, որ հայկական կողմը երբեք առաջինը խախտում չի արել»։

Օրինակը  վերջին օրերին արձանագրված վիճակն է: Նախարարի խոսքով ՝ լարվածությունը հատկապես նկատելի է  երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Տավուշի մարզում գնդակոծվել են սահմանային գյուղեր, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան։ Հայ դիրքապահները համարժեք  պատասխան  են տվել։ «Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումները մեր հարևանների կողմից ավելացել են: Ես կարծում եմ այդ ավելացումը պայմանավորվում է քաղաքական այս կամ այն իրադարձությամբ: Վերջերս իրենք նշում էին իրենց բանակի տոնը: Դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց եղել են կրակոցներ դիպուկահարների կողմից, որին մեր դիրքապահների կողմից համարժեք պատասխան է տրվել»։

Պաշտպանության նախարարն այսօր  մասնակցում  էր Երևանում մեկնարկած միջազգային ռազմավարական ֆորումին, որի քննարկման թեման  ազգային  և տարածաշրջանային խաղաղապահ  ներուժի ինտեգրումն է խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում։ Երկօրյա ֆորումին մասնակցում է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ   անդամ- պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ֆորումի մասնակիցներն այսօր և վաղը քննարկելու են այն մարտահրավերները, որոնց պարբերաբար բախվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Վալերի Սեմերիկովից հայ լրագրողները հետաքրքվեցին, թե արդյո՞ք կազմակերպությունը դիտարկում է ԼՂՀ հակամարտությունը որպես մարտահրավեր։ «Իրականում բարդ իրավիճակ է. հակամարտությունը  ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Խնդրով հետևողականորեն զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ը, որոշակի քայլեր է ձեռնարկում,  չեմ կարծում, թե տեղին է այդ աշխատանքին միջամտելը»։

Վալերի Սեմերիկովը վստահեցրեց՝ ԼՂՀ հակամարտությունը, բանակացային գործընթացը և հակամարտության գոտու իրավիճակը  ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում են: Սահմանային լարվածության պարբերական մեծացումները   քննարկման առարկա դառնում են, պարտադիր չէ, որ այդ քննարկումները միշտ ամփոփվեն հայտարարությամբ կամ մեկ այլ փաստաթղթով։

Back to top button