ՊՆ- ում կոռուպցիոն ընկալումն ավելի բարվոք վիճակում է, քանի մյուս գերատեսչություններում


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հայաստանի պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բարձր են՝ փաստում են «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է նույն մեթոդաբանությամբ աշխարհի 82 երկրներում։ Դիտարկվել են պաշտպանության և անվտանգության համակարգի ռիսկային մի քանի ոլորտներ՝ ֆինաններից, գնումների գործընթացից մինչև անձնակազմի գործողություններ։
Պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ուսումնասիրված 82 երկրին դասակագել է A-ից F խմբերում. A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, F-ում ՝ շատ բարձր: Ուսումնասիրության արդյունքներով Հայաստանը դասվել է D խմբում: Սա միջին հորիզոնական է, որում, ի դեպ, հանգրվանել է հետազոտված երկրների մեծ մասը: Հետազոտության հեղինակներն այս արդյունքը մտահոգիչ են համարում, բայց նաև նշում են, որ պաշտպանության ոլորտը կոռոիպցիոն ռիսկերի առումով Հայաստանում ամենամտահոգիչը չէ: «Հաշվի առնելով մեր երկրի դե ֆակտո պատերազմական վիճակը՝ բարեբախտաբար պաշտպանության ոլորտում այն աստիճան վատ չէ, որքան այլ ոլորտներում»։
Որպես ավելի մտահոգիչ ոլորտներ, ԹԻ հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է հանրային ծառայությունների, առողջապահության, կրթության ոլորտները, դատական համակարգը: Այս ոլորտներում կոռւպցիայի ընկալման համաթիվն ավելի բարձր է, քան պաշտպանության ոլորտում ու զինված ուժերում: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի ցուցանիշը մյուս երկրների համամտությամբ վատագույններից չէ: «Բնականաբար, կան երկրներ, որտեղ զինված ուժերը շատ ավելի կոռումպացված են ընկալվում, բայց նաև փաստ է, որ մենք շատ հետ ենք մնում զարգացած երկրների ընկալումներից, որտեղ ցուցանիշը 2-ի մոտ է, Հայաստանում՝ 3.2»։
Ի դեպ՝ հետազոտության արդյունքով միայն երկու երկիր է դասվել այն խմբում, որտեղ զինված ուժերում կոռւպցիա համարյա գոյություն չունի: Խոսքը Գերմանիայի և Ավստրալիայի մասին է: Հետազոտված բոլոր 82 երկրներում դիտարկվել են պաշտպանության համակարգի 5 ռիսկային ոլորտներ ՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմ, գործողություններ և գնումներ: Մեթոդաբանությունը բոլոր երկրներում եղել է նույնը: Անկախ փորձագետը յուրաքանչյուր երկրում պատասխանել է 77 հարցից կազմված հարցաշարին ՝ հիմնվելով մոդելային պատասխանի վրա կամ յուրաքանչյուր հարցին պատասխանելով 0-ից 4 միավոր սանդղակով։
Անկախ փորձագետի պատասխաններն ու ողջ ուսումնասիրությունը զուգահեռաբար տրվել են անկախ գրախոսներին, նաև համապատասխան գերատեսչությանը՝ այս դեպքում պաշտպանության նախարարությանը: Բոլոր կողմերի դիտողություններն ու մեկնաբանություններն ամփոփվել են ԹԻ աշխատակազմի կողմից: Սոնա Այվազյանի գնահատմամբ ՝ այս մեթոդաբանությունը քիչ տեղ է թողել սուբյեկտիվ մոտեցումների համար։
Եվ ուսումնասիրության հիմանական եզրահանգումներից մի քանիսը: Հեղինակները փաստում են, որ քաղաքական ռիսկերի առումով կառավարությունն ընդունում է կոռւպցիան որպես հիմնախնդիր պետական կառավարման համակարգում, նաև՝ զինված ուժերում:
Նշվում է, որ թեև կառավարման ստորին օղակներում կոռուպցիայի դեմ պայքարի որոշ դեպքեր արձանագրվում են, բայց քաղաքացիները դեռևս չեն զգում կառուպցիայի մակարդակի նվազումը: Նշվում է նաև, որ որոշ բարձրաստիչան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների քննությունը մտել է փակուղի:
Ֆինանսական ռիսկերի առումով հետազոտության հեղինակները նշում են՝ թեև 2013-ից պաշտպանության ոլորտի գնումների մեծ մասի վերաբերյալ տեղեկություններն ավելի հրապարակային են դարձել, բայց հրապարակված գնումների 4 տոկոսը կազմում են մեկ անձից կատարված գնումները։