ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ՄԻ պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը (լրացված է)

լրացվել է ժամը 17։38- ին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում պաշտոնապես մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը: Այս առիթով կազմակերպված հանդիպմանը ներկա էին  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, մեր երկրում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառման մասնակիցները կարևորել են ծրագրի ընդունումը և իրագործումը՝ երկրի իրավական համակարգի կայացման և զարգացման, ինչպես նաև կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեության տեսանկյունից: 

«Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Այն կարելի է համարել իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված և միջազգային պայմանագրերով մեր պետության ստանձնածպարտավորությունների լիարժեք կատարումը»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին նվիրված այսօրվա խորհրդաժողովում։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարքմիջոցառումներ։

«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը», — ընդգծեց վարչապետ Աբրահամյանը։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը որպես ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք: Ըստ նախարարի՝ այսօր մեկնարկած ծրագիրը բավականին ծավալուն է: Նախատեսվող միջոցառումները նախատեսում են օրենսդրական դաշտի արդյունավետության բարձրացում և ուղղված են իրավակիրառարական պարկտիկայի բարելավմանը։

Միջոցառմանը ներկա մեր երկրում Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի առաքելությունների ներկայացուցիչները միասնական հայտարարությամբ իրենց գոհունակությունն արտահայտեցին ծրագրի ընդունման եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար կարեւորության վերահաստատման կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես «ճանապարհային քարտեզ»՝ ուղղված մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների կատարմանը։

Միջազգային կառույցները կոչ արեցին կառավարությանը շարունակել ծրագրի ընդգրկման ընդլայնումը եւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ուղղված խտրականության բոլոր ձեւերի վերացմանը, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանը, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության առաջմղմանը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի, լրատվամիջոցներում բազմակարծության, տեսակետներ արտահայտելու եւ միավորումներ կազմելու ազատության ապահովմանը։ Հայտարարության հեղինակները ողջունեցին այս առաջին փորձը՝ մեկ տանիքի տակ համախմբելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի մի լայն շրջանակ։

Back to top button