Միջազգային

Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի համար

Բրիտանական խոշորագույն CBI բիզնես խմբի ղեկավար Ջոն Քրիդլանդի կարծիքով՝ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի համար, հաղորդում է The Guardian-ը։ Քրիդլանդը նշել է, որ անդամությունը ԵՄ-ին բրիտանացի հպատակներին ապահովում է աշխատատեղերով, ինչպես նաև նպաստում է պետության տնտեսական աճին և ներդրումների հոսքին երկիր։ «ԵՄ-ը մեր խոշորագույն արտահանման շուկան է և մեր տնտեսական ապագայի հիմքը։ Մեր անդամությունը (ԵՄ-ին) տալիս է աշխատատեղեր, մեծացնում է աճը և միջազգային մրցունակությունը»,- հայտարարել է նա։ Քրիդլանդը համարում է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ոչինչ չի շահի նաև այն դեպքում, եթե երկիրը լքի Եվրամիությունը և նրա հետ կապված լինի ասոցացված կարգավիճակի ձևերից միայն մեկով։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը եվրոպական գործընկերներին հայտարարել էր, որ լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժան Քլոդ Յունկերի նշանակումը եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կմեծացնի ԵՄ-ից երկրի դուրս գալու հավանականությունը։

 

Back to top button