Հասարակություն

Հ. Մանուկյան. Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջն է. այսպես է բանաձևել  ոլորտի իր գնահատականը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա կարծիքով` համակարգում կան խնդիրներ, որոնք օբյեկտիվ են ու կախված չեն դատավորի գործունեությունից: Ընդհանուր առմամբ ՝ արդարադատության նախարարը կարծում է, որ համակարգը դանդաղ բարեփոխման կարիք ունի: Իսկ ոլորտին առնչվող կոնկրետ հարցերից մեկի՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի մասին նախարարի մոտեցումները շատ ավելի որոշակի են. համակարգը վերանայման կարիք ունի և վերանայման քայլերն արդեն ձեռնարկվում են: 

Դատական համակարգը բարդ ու պահպանողական է,  արագ փոփոխությունների ակնկալիքն այստեղ իրատեսական չէ, կարծում է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ ոլորտում դանդաղ բարեփոխման անհրաժեշտություն կա։ «Դատական համակարգը պետք է բարեփոխել քայլ առ քայլ, հանգիստ: Սա պահպանողական համակարգ է։ Որոշակի քայլերի միջոցով ես ակնկալում եմ արդյունք, բայց այդ արդյունքը տեսնում եմ երկարաժամկետ կտրվածքում»։

Թե ինչ քայլերի միջոցով, արդարադատության նախարարն առայժմ չի մանրամասնում՝ նախընտրելով խոսել ընդհանուր գնահատականներով։ Հովհաննես Մանուկյանը, որպես նախարար, այսօր ուղիղ առնչություն չունի դատական համակարգին, բայց մոտ տասը տարի եղել է համակարգի մեջ,  ընդ որում՝ համակարգի առանցքային օղակներում: 1999-2001 թթ. ղեկավարել է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը, 2001-2005թթ. տնտեսական դատարանը և 3 տարի էլ ՝2005-2008թթ. նախագահել է Վճռաբեկ դատարանը:

Տասնամյա այս փորձը թույլ է տալիս ասել, որ համակարգին ծանոթ է ներսից։ «Հիմա ես համակարգից դուրս եմ և ավելի ազատ կարող եմ խոսել: Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը: Այս առումով համակարգն ինքն աշխատելու խնդիր ունի»։

Հարցին, թե որն է վատ իմիջի ձևավորման պատճառը, Հովհաննես  Մանուկյանը պատասխանում է հաճախ կրկնվող հիմնավորումներից մեկով. դատական համակարգից դժգոհ լինելու պատճառները նաև  օբյեկտիվ են: Նախարարը գիտի, որ այս հիմնավորումը շատերի մոտ թերահավատություն է առաջացնում, բայց նշում է. «Դատական համակարգը ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում է  քաղաքացիների, մասնավոր սուբյեկտների իրավունքներին, ազատություններին ու շահերին և, բնականաբար, դժգոհներ այդ համակրգից միշտ էլ շատ են լինելու: Այնպես որ՝ վատ իմիջի ձևավորման օբյեկտիվ հիմքերից մեկն էլ այն է, որ այդ համակարգի գործունեությունը  անխուսափելիորեն ծնում է դժգոհներ»։

Բոլորովին վերջերս քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականցանող դիտորդների խումբը հերթական անգամ մտահոգություն հայտնեց պայմանական վաղաժամկետ արձակման համակարգի և, ըստ էության, չգործող մեխանիզմների վերաբերյալ: Արձագանքելով այդ դիտարկումներին՝ նախարաը չի համաձայնում,  որ անկախ  հանձնաժողովները չեն գործում, բայց չի էլ հերքում, որ համակարգը վերանյման կարիք ունի։ «Համաձայն չեմ, որ հանձնաժողովները չեն գործում: Հանձնաժողովները գործում են օրենքով սահմանված իրավասությունների ու կանոնակարգումների շրջանակում: Բայց որպես նախարար պետք է ինքս համաձայնեմ, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը մեր երկրում, այնուամենայնիվ, վերանայման կարքի ունի, և մենք այդ աշխատանքները կսկսենք շատ շուտով»։

Օրերս  հրապարակված զեկույցներից մեկով էլ  հասարակական դիտորդները ահազանգում էին քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների փաստերի առկայության, բռնություններով ցուցմունքներ կորզելու պրակտիկայի մասին: Կոնկրետ զեկույցին նախարարը ծանոթ չէր։ «Բայց պետք է ասեմ, որ քերակատարողական համակարգում, որի համար ես քաղաքական պատասխանատվություն եմ կրում, խնդիրներ կան՝ կապված  կենցաղային պայմանների, պահման պայմանների հետ, որոնցով ես ամեն օր զբաղվում եմ: Բռնությունների փաստերի մասին զեկույցը նույնպես խոստանում եմ ուսումնասիրել և արագ արձագանքել»։

Back to top button