Հասարակություն

Կինոռեժիսոր .Ժողովրդի ճաշակը իջեցնում են, հետո ասում են ժողովուրդը սա չի ուզում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մարդն ինչով սնվում է, դրա նկատմամբ էլ պահանջ է զգում, հենց դրանով էլ բացատրվում է անհաջող սերիալների ու շոուների այսօրվա առատությունը: Արդեն քսան տարի հասարակությունը միայն դրանցով է սնվում, ինչն արդեն վտանգավոր է դառնում»,-ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը։

Երազում էր դառնալ երկրաբան, քանի որ ամենառոմանտիկ մասնագիտությունն էր համարում: Ընդունվեց ու 1959 թվականին հաջողությամբ ավարտեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, բայց ճակատագիրը նրա համար ընտրել էր կինոյի ճանապարհը։ 1972 թվականին Մարատ Վարժապետյանի հետ միասին Հովիկ Հախվերդյանը նկարահանեց իր առաջին վավերագրական ֆիլմը՝ «Վարդան Աճեմյան»:

«Կեսդարյա տարեգրություն», «Հակոբ Կոջոյան». «Վասպուրական», «Ավետիք Իսահակյան», «Գորանի», բազմաթիվ այլ վավերագրական ֆիլմեր, որոնք Հախվերդյանը նկարահանեց հետագա տարիներին, իսկ յոթանասունվեց թվականին նա ստեղծեց իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլը՝ «Ճանապարհին», ավելի ուշ նկարեց նաև «Սերոբի ծառը», որը միանգամից սիրվեց ու մեծ ճանաչման արժանացավ:

«Սերոբի ծառ»-ի սցենարը գրեցինք Սուրեն Խաչատրյանի հետ միասին: Ֆիլմի գաղափարն այս էր՝ եթե ապրում ես, ուրեմն պիտի գնահատես կյանքը: Ինչու չի մեռնում Սերոբը, որովհետև հանկարծ հիշում է, որ կար մի ծառ, բայց չէր հիշում ՝ ինչի ծառ էր: Հետաքրքիր էր, որ այդքան տարի ապրել ու չէր նկատել այն, ինչ կողքին էր եղել: Սերոբն ամեն գնով ուզում էր պարզել դա, նոր հետաքրքրություն էր առաջացել, նոր իմաստ, որն էր նրան կրկին դեպի կյանք վերադարձրեց: Նպատակ ունեինք ֆիլմի բոլոր հերոսների մասին առանձին ֆիլմեր նկարել, որոնք կամբողջացնեին երևանյան միջավայրը, բայց «սովետական ցենզուրա» ասվածը խափանեց մեր գաղափարը: Ինչևէ, «Սերոբի ծառը» սիրվեց՝ գուցե ինքնատիպ, գունեղ կերպարների շնորհիվ: Հաջողության գաղտնիքներից մեկն էլ ֆիլմի երաժշտությունն էր, հին Երևանի մեղեդիները ֆիլմում նվագում է Վաչե Հովսեփյանը: Դուդուկի նման վարպետի ես մինչ օրս չեմ լսել»:

1983 թվականին Հովիկ Հախվերդյանին վստահվեց «Մատենադարան» ֆիլմաշարի բարդ ու ծավալուն աշխատանքը։ Որքան էլ զարմանալի է «Մատենադարանի» գաղափարը ծնվել էր ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Կենտրոնական հեռուստատեսության ղեկավարներից մեկը՝ Լապին ազգանունով, օրերից մի օր հայտնվում է Երևանում, և նրան տանում են Մատենադարան: Իսկ այդ ընթացքում Ռուսաստանում նկարահանվում էր «Էրմիտաժ» ֆիլմաշարը: Լապինը, ծանոթանալով Մատենադարանի հարստությանը, հարցնում է՝ իսկ ինչու ֆիլմ չեք նկարում Մատենադարանի մասին, այսպիսի գանձեր ունեք: Ամեն ինչ հենց այստեղից էլ ծնվել է. «Մի օր էլ ինձ կանչում է հեռուստառադիոպետկոմի ղեկավար Ստեփակ Կարպիչն ու ասում՝ այսպիսի գաղափար կա, պետք է նկարես, անմիջապես սկսիր: Երկար որոնումներից հետո գտա ֆիլմի սցենարի հեղինակին՝մոսկվաբնակ լրագրող Կիմ Բակշիին: Ֆիլմում տեքստը ներկայացնելու համար ինձ պետք էր հայ մարդու կերպար: Այդ առոմով Սոս Սարգսյանը ամենահամոզիչն էր: Ֆիլմում նա չի խաղում, պարզապես հենց ինքն է, որ կա»:

Աշխատանքները չեն սահմանափակվել երևանյան Մատենադարանով, նկարահանումներ են կատարել Վենետիկի և Վիեննայի Մխիթայան միաբանություններում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում։ Աշխատանքն ընդատվեց այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեցին Երուսաղեմի հայկական գանձերը: «Կինոն թանկ հաճույք է, իսկ նորանկախ Հայաստանի համար «Մատենադարանը» գուցե ծանր բեռ էր: Շատ չարչարվեցինք, որ ֆիլմաշարն ավարտին հասցնենք, բայց չստացվեց»,-ասում է Հովիկ Հախվերդյանը: Նշենք, որ «Մատենադարան» Ֆիլի նախատեսված քսան սերիաներից հինգը չեն նկարահանվել: Այդուհանդերձ անկախ Հայսատանի պատմության մեջ ևս Հովիկ Հախվերդյանը թողել է մի քանի այլ ֆիլմեր ևս.«Աղաղակող քարերի երկիրը», «Նարեկացի որոնելիս», ֆիլմեր, որոնց մասին, սակայն, երիտասարդներն այսօր քիչ բան գիտեն:

«Հեռուստաընկերությունների այսօրվա հասկացողությամբ գուցե «ռեյտինգ» չեն ապահովում: Հազվադեպ ցուցադրվում են, օրինակ, գիշերը ժամը մեկից հետո: Շատ տարօրինակ բան է կատարվում. հեռուստաընկերությունները ժողովրդի ճաշակն աղավաղում են հետո էլ ասում, թե ժողովուրդը սա է պահանջում: Մարդն ինչով սնվում է, դրա նկատմամբ էլ պահանջ է զգում, հենց դրանով էլ բացատրվում է տխմար սերիալների ու շոուների այսօրվա առատությունը»:

«Ավելի քան քսան տարի հասարակությունը միայն էժան ու ցածրորակ արվեստով է սնվում, իսկ դա արդեն վտանգավոր է դառնում»,-ասում է Հովիկ Հախվերդյանը:

Back to top button