Հասարակություն

Այլընտրանքային ծառայության անցնելու դիմումը հետ վերադարձնելու դեպքում դիմողը ենթակա է պարտադիր զինծառայության

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վերջերս խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում: Այն հիմնականում վերաբերում է զորակոչման ժամկետներին, քանի որ ընդունելության քննությունների հետ կապված առաջանում են խնդիրներ: Կա եւս մեկ հստակեցում. այլընտրանքային ծառայություն անցնելու դիմումը հետ վերադարձնելու կամ մերժելու դեպքում դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա է պարտադիր զինծառայության:

«Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը ընդունելուց հետո, խորհրդարանը դեռ մի քանի անգամ էլ փոփոխել է ու լրացրել է այն: Այս ամիս եւս օրենքում արվեց հերթական փոփոխությունը, թեեւ բոլորովին վերջերս կրկին արվել էին փոփոխություններ: Գիտակցելով փոփոխությունների անհրաժեշտությունը նույնսիկ Հանրապետական պատգամավորներից էին արդեն դժգոհում՝ չհասկանալով, թե ինչու հնարավոր չէ այդ օրենքում արվող փոփոխություններն անել միանգամից:

Խորհրդարանի կողմից արդեն ընդունված փոփոխությունները միտված են կանոնակարգելու երկու հիմնախնդիր: Առաջինը վերաբերում է զորակոչի ժամկետներին:
Այսպիսով՝ հետաձգվում են այլընտրանքային ծառայության անցնելու դիմումների ներկայացման ժամկետները: Բացի այդ, լրացուցիչ հստակեցվում է, որ այլընտրանքային ծառայություն անցնելու դիմումը հետ վերադարձնելու կամ մերժելու դեպքում դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա է պարտադիր զինծառայության:

ՀՀ արդարադատության փոխնախարարի տվյալներով Հայաստանում տարեկան մոտ հարյուր զորակոչիկ է դիմում այլընտրանքային ծառայության անցնելու համար, հիմնականում՝ կրոնական հիմունքներով: Համապատասխան հանձնաժողովի կողմից բավարարվում է դիմումների զգալի մասը: Անհիմն դիմումները մերժվում են:

Հիշեցնենք, որ Այլընտրանքային ծառայության մասին օրենքը Հայաստանում ուժ է ստացել 2004 թվականի հուլիսի 1-ին։ Ըստ ներկա օրենսդրության` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը և շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու նպատակները: Իսկ հանձնաժողովը առանձին ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպքը եւ որոշում՝ զորակոչվածներից ում կուղարկեն այլընտրանքային եւ ում` զինվորական ծառայության:

Back to top button