Պետական ավարտական և միասնական քննությունների 1-ին փուլն ավարտված է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Պետական ավարտական և միասնական քննությունների 1-ին փուլն ավարտված է, իսկ նախնական արդյուքները` վերլուծման փուլում: Այժմ ներբուհական և կենտրոնացված քննություններն են ընթանում: Առաջին փուլի տվյալներով` ամենամեծ թվով մասնակցներն ունեցել է Հայոց լեզվի և գրականության քննությունը: ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր ներկայացնելով առաջին փուլի արդյուքները հայտնել է, որ առավել խիստ են եղել հեռախոսից օգտվող դիմորդների նկատմամբ: Արդյունքում 6 դիմորդ հեռացվել է քննությունից:
Միասնական քննությունների առաջին` հիմնական փուլի արդյուքներից գոհ է ինչպես ԿԳ նախարարն, այնպես էլ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը: Այս տարի բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 12346 դիմորդ, որից 4000-ը Երեւանից է, մնացածը՝ մարզերից: Ամենամեծ թվով դիմորդները, ավանդույթի համաձայն, մասնակցել են հայերենի քննությանը, այնուհետև մաթեմատիկայի, անգլերենի և հայոց պատմության: 1 դիմորդ է եղել պարսկերենից, այն էլ չի հաղթահարել դրական միավորի շեմը, հետևաբար պարսկերենով ընդունվող այս տարի չենք ունենա, ներկայացնելով դիմորդների ընհանուր պատկերը նշեց ԳԹԿ տնօրենը: Գագիկ Մելիքյանի տեղեկացմամբ` քննությունների ընթացքում 6 հոգի էլ հեռացվել է քննությունից: Այս դիմորդներից 4-ը դիմել է 2-րդ փուլի քննությանը մասնակցելու խնդրանքով, բայց մերժվել:
Գագիկ Մելիքյանը նաև հայտնեց, որ տարեց տարի նվազում է դիմում-բողոքների թիվը: Դրանք հիմնականում վերաբերում են թեստերը վատ լրացրած լինելուն և մեծ մասամբ խնդրանքներ են՝ քննություններին նորից մասնակցելու մասին: Անդրադառնալով դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներին` ԳԹԿ տնօրենը նշեց, որ պատկերը նախորդ տարիների համեմատությամբ հիմնական առարկաների մասով գրեթե նույնն է:
Նշենք, որ առջևում քննությունների 2-րդ փուլն է, որի հայտերն արդեն ընդունվում են: 2-րդ փուլի քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին: